Հերոսը աղջկան օգնած քաղաքացին է, ասում է նրանց փրկած ոստիկանը


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Երեկ՝ ոստիկանների մասնագիտական տոնին, բոլորը զանգահարում եւ շնորհավորում էին Երեւանի Ճանապարհային ոստիկանության 1- ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին: Գործընկերների եւ բարեկամների նման ուշադրությունը կապված էր մարդկային կյանք փրկելու նրա արարքի հետ:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Արսեն Արշակյանը, քաղաքացու օգնությամբ Երեւանի Նորագյուղ թաղամասում «Թաիրով» կոչվող ջրանցքից դուրս է բերել 15- ամյա աղջկա՝ փրկելով նրա կյանքը:
Թե ինչու էր աղջիկը հայտնվել այդտեղ ու վայր ընկել, դեռ հայտնի չէ, աղջիկը՝ վերակենդանացման բաժամնմունքում է։
Արսեն Արշակյանը «Ռադիոլուրին» ասաց, որ իր քայլը համարում է ցանկացած տղամարդուն վայել սովորական արարք եւ վատ է զգում, երբ հերոսություն են անվանում աղջկան փրկելը:
«Հերոսն ավելի շատ այն քաղաքացին էր, որ առաջինն օգնեց խեղդվող աղջկան: Ես պարզապես հայտնվեցի ճիշտ պահին ճիշտ տեղում»,- ասում է Արսեն Արշակյանը՝ հավելելով, որ աղջիկը պարզապես բախտավոր աստղի տակ է ծնվել:
Նշենք, որ աղջիկը՝ թիվ 13 գիշերօթիկ դպրոցի աշակերտուհի է: