ԿարևորՔաղաքական

Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց…

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մայիսի 16-ին  մեր երկիրը կստանձնի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս իրադարձությանը ընդառաջ եռօրյա այցով Երևանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը:

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղարը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում ԵԽ ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև մեծ պատասխանատվություն, և  անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն լավագույնս իրականացնելու կեսամյա նախագահությունը։

«ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը»,- ասաց է Նալբանդյանը։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց ԵԽ բոլոր երեք ուղղությունները՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Ըստ Նալբանդյանի՝ Հայասատանի նախագահության շրջանում նախատեսված են շատ միջոցառումներ, որոնց ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։
«Կարող եմ այսօր նշել, որ բավականին կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը: Նախատեսված է նաև հանդիպում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով»,- նշեց ԱԳ նախարարը։

Մեր երկրի նախագահության ժամանակահատվածում կկայանան  բարձրաստիճան այցելություններ, մասնավորապես Ստրասբուրգ կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ, որոնցից մեր երկրի արտաքին քաղաքակլան գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ցանկացավ հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում:

Անդրադառնալով ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հետ կայացած հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ կողմերն ի թիվս այլ հարցերի, քննարկել են Եվրոպայի խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր։

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ փորձելով մեր ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի համար կարևոր գործընթացներին: Մենք ողջունում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ձեռնարկած բարեփոխումները և հետևողականորեն աջակցել, աջակցում և աջակցելու ենք դրանց»:

Նալբանդյանը նշեց, որ Եվրոպայի խոհրդին անդամակցության անցած 12 տարիների ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, նաև խորքային բարեփոխումներ իրականացրելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:

Մեր երկիր երկրորդ անգամ այցելած Թուրբյորն Յագլանդը իր հերթին կարևորեց Հայաստանի գալիք  նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում։

Հայաստանի նախագահությունը ԵԽ համար կարևոր պահի համար է տեղի ունենում: Այս կազմակերպությունը խորը բարեփոխումներով է անցել, որպեսզի կարողանա աջակցել անդամ պետություններին, որպեսզի կարողանա իրականացնել իրենց իրավական հանձնառությունները, հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը:
Ըստ Յագլանդի՝ անցած 12 տարիներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է նաև Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգման հեռանկարներին:

«Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,- ասաց Նալբանդյանը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը ձեռնպահ մնաց մեկնաբանել հաջորդ կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հնարավորությունը:

«Եթե դուք նկատի ունեք տարբեր բանբասանքները, որոնք տպվում են մեր թերթերում, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա»,- ասաց:

Ցուցադրել ավելի
Back to top button