ԿարևորՀասարակություն

Ծառայությունն ու բիզնեսն անհամատեղելի են.ինչու ազատվեց Երեւանի ոստիկանապետը

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որով ներկայացնում է իր պարզաբանումը վերջին օրերին մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ոստիկանական համակարգում բացահայտվել է ինչ-որ ֆինանսական բուրգ, ինչպես նաև անթաքույց բացահայտումներ արել Ոստիկանության Երևանի վարչության արդեն նախկին ղեկավար Ներսես Նազարյանի պաշտոնանկության շարժառիթների մասին: Մասնավորապես, որպես այդպիսին նշվում է «ծառայության և բիզնեսի համատեղումը և, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ»:Ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը ստորև.

«Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն մի քանի օր լուրեր է տարածում բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ինչ-որ ֆինանսական բուրգի բացահայտման մասին: Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները:
Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, և հասարակությունը մեկ անգամ ևս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները: Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում:
Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա: 
Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար: Ոստիկանությունը կարևորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն և անիմաստ խոսակցություններ են:
Ցուցադրել ավելի
Back to top button