ԿարևորՔաղաքական

ՍԴ- ն հակասահմանադրական ճանաչեց օրենքի չվիճարկվող հոդվածը, վիճարկվողը՝ ոչ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր քննության է առել ԱԺ մոտ երեք տասնյակ պատգամավորների  դիմումը, որով  վիճարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Պատգամավորները կարծում են, որ կանոնակարգի հիշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Սահմանադրական դատարան  դիմելու առիթը 2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստն է, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները: Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, որպես պատասխանող կողմ ներկայացել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: 

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ԱԺ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ Սահմանադրության 70-րդ հոդվածը ամրագրում. «ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան  գումարում է ԱԺ նախագահը՝ հանրապետության  նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ»:

Խորհրդարանական փոքարամասնությունը կարծում է, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի վերահիշյալ երկու հոդվածները հակասում են միմյանց:

2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ պատգամավորների 1/3-ը  փորձեց արտահերթ նիստ հրավիրել, բայց չկարողացավ.   պահանջվող 66-ի փոխարեն գրանցվեց 46 պատգամավոր: Փոքրամասնության նախաձեռնած նիստն այս դեպքում բոյկոտեց խորհրդարանական մեծամասնսւթյունը:

Մեծամասնության բացակայության հարցն այսօր քննարկվում էր Սահմանադրական դատարանում: Դիմող կողմի ներկայացուցիչ,   ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հիմնավորմամբ՝ Սահմանադրությունը պատգամավորների 1/3-ին արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տալիս, իսկ ԱԺ կանոկակարգ օրենքի համապատասխան հոդվածը խոչընդոտում է այդ հնարավորության իրացմանը:

«Մեր կարծիքով ՝ պատգամավորների փոքրամասնության, այդ 44 պատգամվորի նախաձեռնությամբ նիստ հրավիրլը արդեն իսկ  քվորում է սահմանում: Մենք ենթադրում ենք, որ քննարկումը այդ օրակարգով և այդ ժամկետներում առնվազն պետք է կայանար, եթե 1/3-ը ներկա էր ու գրանցվել էր»:

Այս հիմնավորմանը  համաձայան չէր պատասխանող կողմը:  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝   արտահերթ նիստ հրավիրելու   դեպքում պատգամավորների 1/3-ի ներկայությունն ինքնին քվորում համարելն անտրամաբանական մոտեցում է:

Եթե առաջնորդվենք դրանով, ապա խորհրդարանը պարզապես քննարկումների վայր կդարձնենք, ՍԴ-ում ասաց Հարությունյանը:

«ԱԺ-ն ունի լիազորություն ընդունելու օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և հղելու ուղերձներ, և յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մասնակցություն: Նման մասնակցության, այն է՝ քվորումի բացակայության դեպքում նիստն սկսելն անիմաստ է, եթե այն չի հանգեցնելու այդ 4 լիազորություններից մեկի իրացմանը»:

Լսելով կողմերի հիմնավորումները՝ խորհրդակցական սենյակում ծանր ու թեթև անելով դրանք օրվա երկրորդ կեսին ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը: Այն փոքր-ինչ անսպասելի էր . դատարանը գտավ, որ վիճարկվող հոդվածը Սահմանադրությունը չի հակասում, փոխարենը որոշեց, որ Սահամանդության հետ հակասություն ունի ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդված:
ԱԺ կանոնակարգի 99-րդ հորդվածը, ըստ ՍԴ որոշման, համակարգային կապ ունի վիճարկվող խնդրի հետ: Խոսքն այն հոդվածի մասին է, որը սահմանում է նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը:

«ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածի 4-8-րդ կետերի դրույթներն այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» ինստիտուտը գործնականում փոխակերպել են «լիազորությունների դադարեցում» ինստիտուտի, ճանաչել ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Սահմանդրության 67-րդ հոդվածը, մի շարք հիմքեր թվարկելով, նշում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում նաև:

Սա, ըստ Սահմանադրական դատարանի, իմպերատիվ պահանջ է և նշանակում է, որ  հիմքերի առկայության դեպքում լիազորություններն ավտոմատ դադարում են և ոչ թե  քննարկվում- քվեարկվում, ապա նոր միայն դադարեցվում, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը:
ՍԴ-ն կարծում է, որ ԱԺ կանոկարգի հիշյալ հոդվածը փոփոխության կարիք ունի։
Դավիթ Հարությունյանի համար որոշման այս  հատվածն անսպասելի էր:

«Որոշման մեջ կային կետեր, որոնք ես չէի սպասում: Այնուամենայնիվ՝ ունենք որոշում, ՍԴ որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ: Կարծում եմ՝ այն նախագծով, որը վերջերս ընդունվել է առաջին ընթերցմամբ և բացակայությունների խնդրին է առնչվում, կկարողանանք լուծել  այն հարցը, որը մտահոգում է ՍԴ-ին»:

Ավելին մեկնաբանել Դավիթ Հարությունյանը չցանկացավ, իսկ դիմող կողմի Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունը որոշման վերաբերյալ լսել ընդհանրապես չհաջողվեց, քանի որ նա որոշման հրապարակմանը ներկա չէր։
Ի դեպ՝ դիմումի քննությանը, որոշման հրապարկմանը ներկա չէր և որևէ մեկը մոտ երեք տասնյակ պատգամավորներից, ովքեր ստորագրել են դիմումի տակ:
Հիշեցնեմ, ՍԴ դիմելու հայցը պաշտպանել էին ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները և ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը։

Ցուցադրել ավելի
Back to top button