ԿարևորՔաղաքական

ՀԿ- ները դեմ են ՄԱԿ- ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելուն, իսկ պետությո՞ւնը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Թուրքիան փորձում է ազդեցություն ունենալ ՄԱԿ-ի որոշումների վրա և ֆինանսական միջոցներ չի խնայում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակները Թուրքիա տեղափոխելու համար: Հայաստանի մի շարք ՀԿ- ներ սա գնահատում են որպես քաղաքական քայլ եւ մտահոգված են գրասենյակները տեղափոխելու մտադրությունից, ինչը խախտում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներն ու նպատակները, մասնավորապես ՄԱԿ-ի հռչակագրի որոշ կետեր:

ՀԿ- ները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, մի քանի օր առաջ էլ դիմել են Սլովակիայի փոխվարչապետին, ով այցով գտնվում էր Հայաստանում, որպեսզի ԵՄ-ը նույնպես գնահատական տա այս որոշմանը:
Հարցը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որի անդամ, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ ևս մեկ նամակ է պատրաստվել ԱԺ-ի և արտգործնախարարության ներկայացուցիչների հետ միասին:
Ամեն ինչ պետք է արվի ՄԱԿ- ի տարածաշրջանային գրասենյակները Ստամբուլ  տեղափոխելու քայլը կանխելու համար, ասաց նա։

«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» կազմակերպության ղեկավար Սվետլաննա Ասլանյանն էլ ավելացրեց, որ մյուս երկրները ևս դեմ են, որպեսզի ՄԱԿ-ի գրասենյակները Ստամբուլ տեղափոխվեն։

Իսկ ինչո՞ւ է ՄԱԿ-ի գրասենյակները Ստամբուլ տեղափոխելու մտադրություն առաջացել: Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ մտադրությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, թեև նշվում է, որ քայլն ավելի շատ տեխնիկական խոչընդոտները վերացնելու և ֆինանսական հարցերը կարգավորելու մտադրությամբ են պայամանվորված:

Ժլատություն դրսևորող ՄԱԿ-ի անդամ երկրների համեմատ Թուրքիան բավականին շռայլություններ է անում, ինչն էլ ամենայն հավանականությամբ հիմք է հանդիսացել, որպեսզի հարեւան երկրի ցանկությունը բավարարվի և ՄԱԿ-ի գրասենյակները Ստամբուլ տեղափոխվեն, կարծիք հայտնեց Լարիսա Ալավերդյանը,  ում համոզմամբ, սակայն, նրա տեխնիկական պատճառները պարզապես պատրվակ են։

Թուրքիան այս քայլով կկարողանա ազդեցություն ունենալ ՄԱԿ-ում որոշումների կայացման վրա, ինչը չի բխում Հայաստանի շահերից, ավելացրեց նախկին օմբուդսմենը։

Ինչպես կարող է ցեղասպանության իրականացրած երկիրը կեղծ հումանիզմի դրսևորումներով փորձի համոզել աշխարհին, որ մարդասեր է. ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պնդում է` աշխարհը պետք է իմանա, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպան է։

Հունաստանը պետական մակարդակով արդեն դեմ է արտահայտվել այս մտադրությանը և հարկ է, որպեսզի պետական մակարդակով իր խոսքն ասի նաև Հայաստանը, կարծում է ազգագրագետը: 

Ցուցադրել ավելի
Back to top button