Տնտեսական

Հայաստանն անցնելու է ծրագրային բյուջետավորման համակարգի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրի ֆինանսական համակարգի բարեփոխումների շրջանակներում աստիճանաբար փոփոխվում է և բյուջետավորման համակարգը` ներկայիս մուտքային ձևաչափից դեպի ծրագրայինին: Ինչպես հավաստում են ոլորտին քաջածանոթ մարդիկ, այս անցումը թույլ կտա պետբյուջեի ծախսերը ավելի վերահսկելի և թափանցիկ դարձնել հանրության համար:  

«Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով այսօր կայացած խորհրդարանական լսումներին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նոր համակարգը ոչ բոլոր երկրներն են կիրառում, իսկ որտեղ կիրառում են, գործնականում այն լավ արդյունքներ են արձանագրում։

Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումները պետական բյուջեի մակարդակում սկսվել են դեռ 2004թ.։ Դեռևս  ծրագրային մեթոդը ամբողջական կիրառում չի ստացել բազմաթիվ համակարգային խնդիրների պատճառով: Անցյալ տարեվերջին կառավարությունը հանդես է եկել   օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ ծրագրային բյուջետավարումը պետական բյուջեի մակարդակում կրելու է պարտադիր բնույթ։
Համապատասխան բարեփոխումներ նախատեսող օրենքի նախագիծը արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ և վերջնական ընթերցման այն կներկայացվի հաջորդ քառօրյային:

Ինչպես փաստեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, նոր համակարգը թույլ կտա խմբավորել ծախսերը՝ ըստ արդյունավետության մակարդակի։

Ծախսերի պլանավորման և գերակայությունների սահմանման գործընթացի և կառավարման բարելավմանը զուգընթաց  ծրագրային բյուջետավորումն ունի և բացասական կողմեր: Մասնավորապես՝ դրա ներդրումը շատ աշխատատար և ժամանակատար է, իսկ կիրառումը ավելի բարդ է բյուջետային գործընթացի բոլոր փուլերում, ինչը զգալի ծանրաբեռնում է գործադրին:
Ըստ Սաֆարյանի՝ մյուս կողմից նոր համակարգը թուլացնում է տնտեսագիտական դասակարգմամբ տող առ տող բյուջեի կատարման վերահսկողությունը:

Հաշվի առնելով առկա դժվարությունները՝ գործադիրը գտնում է նպատակահարմար 2016 թվականից իրականացնել մասնակի անցում ծրագրային բյուջետավորմանը, իսկ ամբողջական անցումը նախատեսում է 2018-ից:
Ծրագրային ձևաչափը ավելի շուտ ներդնելու համար կառավարությունը այսօր չունի անհրաժեշտ ֆինանսական և այլ հնարավորություններ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button