Քաղաքական

Երեւանի էկոլոգիական խնդիրները` ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանավեճերում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ ՀՀԿ-ի , այսօր շուրջ մեկ ժամ «Մեդիա կենտրոն»-ում քննարկել ու քննադատել են Երևանում իրականցվող շինարական աշխատանքներն ու ընդհանրապես մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրները: Նրանք նկատել են, որ դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն, քննադատության թիրախն էլ ուղղել են դեպի իշխանություններ: Վերջիններիս ներկայացուցիչները քննարկմանը չեն մասնակցել, քանի որ ինչպես կազմակերպիչներն են փոխանցել, որոշել են առայժմ նման բանավեճերի ու քննարկումների չմասնակցել:

Բնապահպանական հիմախնդիրները մայրաքաղաքում սրվել են հատկապես վերջին տարիներին: Ադ մասին բոլորն են խոսում՝ թե’ իշխանության , թե’ ընդդիմության ներկայացուցիչները: Երևանի էկոլոգիական խնդիրներին այս օրերին ավելի շատ է անդրադարձ կատարվում. առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց ծրագրերում կարևորում են բնապահպանական խնդիրները՝ խոստանալով երևանցիներին, ամեն ինչ անել, որ մայրաքաղաքում կանաչ տարածքները վերակագնվեն:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից Առաքելություն կուսակցությունը ներկայացնող Հրաչյա Սարգսյանը նկատում է.«Այս պահի դրությամբ բուսաբանական այգին գտնվում է խայտառակ վիճակում, կարելի է ասել ֆինանսավորում չկա, իսկ դա տարիների ընթացքում ամբողջությամբ կորում է, եթե հիմա այս պահին մենք չկարողանանք այն պահպանել, զարգացման մասին էլ չեմ խոսում»:
Ապրես Զոհրաբյանը, ով որպես ՀՅԴ ներկայացուցիչ էր հրավիրված, սակայն, հետո պարզվեց՝ որպես բնապահպան ակտիվիստ է մասնակցում քննարկմանը, ևս նկատում է՝ Երևանում կանաչ գոտիները երկու անգամ զիջում են օրենքով հաստատված նորմերին: Նա առաջարկում է վերանայել ապօրինի կայացված որոշումները:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ -ն ևս կարևորում է բնապահպանական խնդիրների լուծումը՝ ծրագրի հիմքում դնելով նաև աղբի վերամշակման գործարանի հիմնումն ու դրա շահագործումը: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանն անձամբ սեփական մաշկի վրա ամեն օր զգում է, թե ինչ գարշահոտություն է տարածվում Նուբարաշենում:

ՕԵԿ ներկայացուցիչ Հրայր Սարգսյանի կարծիքով բնապահպանական խնդիրները լուծելու համար նախ պետք է վերանայվի քաղաքի գլխավոր հատակագիծը, ուշադրություն դարձվի շինարարության թույլտվության գործընթացին, բնապահպանական փորձաքննություն անցկացնող ինստիտուտը պետք է աշխատի, որը գրեթե բացակայում է, գրեթե բառի վրա բանախոսը հատուկ ընդգծեց.«Գրեթե բացակայում է, հատուկ շեշտեմ: Ունենք բազմաթիվ օրինակներ, որ մի ենթադրենք հնարավորություն ունեցող անձ գնում է մի երկու, երեք, չորս, հինգ սեփական տուն և տեղը կառուցում է մի տասնհինգ հարկանի բնակելի շենք»:

«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը ընդգծեց, որ խախտված է Երեւանի գլխավոր հատակագիծը, բանախոսը կարեւորեց քաղաքացուն կանաչ տարածքների վերադարձը: «Գիտեք, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, իսկ մարդուց խլել իր առողոջությունը, խլել իրեն պատկանող կանաչ տարածքը ես համարում եմ հանցագործություն: Օրիինակ բերեմ, օղակաձև զբոսայգին վերածվել է օղակաձև սրճարանի: Ինչ եք կարծում, ավագանին ու քաղաքապետն այդ մասին չգիտեն, իհարկե՝ գիտեն»:

«Հասարակությանը տրամադրվում են պատրաստի որոշումներ»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչ Եվա Թովմասյանը՝ հավելելով հասարակությանը նախաձեռնության փուլում պետք է հաղորդ դառնա, էկոլոգիական խնդիրները այն խնդիրներն են, որոնց բացասական ազդեցություոնը քաղաքացին շատ կարճ ժամանակամիջոցում է զգում: Վերջին տարիների կտրվածքով ունեցել ենք ընդամենը դեկտորատիվ կանաչապատման նախաձեռնություններ, որոնք թթվածնային խնդիր չեն լուծում:

Նշենք, որ քննարկմանը ներկա չէր իշխող Հանրապետական կուսակցության և ոչ մի ներկայացուցիչ, պարզվեց՝ նրանք որոշել են առայժմ նման քննարկումների ու բանավեճերի չմասնակցել: Ուստի և վերջիններիս հասցեին հնչող բոլոր մեղադրանքներն անպատասխան մնացին:

Ցուցադրել ավելի
Back to top button