ԿարևորՀասարակություն

Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են, ասում է Վանուշ Շերմազանյանը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները վերջին երեք ամիսներին ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով: Մամուլի մեր գործընկերների օրերս հնչեցրած այս մտահոգությանն այսօր արձագանքել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնդրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը: Նշենք, որ Օձունի եկեղեցին վերականգնելու համար հիշյալ հիմնդրամը հատկացրել է 320 միլիոն դրամ:

Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարաության ու «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնդրամի կողմից կնքված եռակողմ հուշագրի հիման վրա 2012-ի հուլիսից սկսվեցին Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները որոնց համար մոսկվաբնակ ալավերդցի բարերեար Մովսես Ձավարյանը հիմնադրամի տրամադրել է 320 միլիոն դրամ: Օրերս սակայն մամուլում հայտնվեց մի հոդված`«Օձունի եկեղեցու վերականգնման այս տարվա շինաշխատանքները ձախողվել են» վերնագրով:

Վկայակոչելով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի խոսքերը հոդվածագիրը գրում է, մեջբերենք.«Եկեղեցու շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013 թվականի անցած երեք ամսում Օձուն չի եկել: Նրա բացակայությունն է, որ կասեցնում է եկեղեցու վերականգնման աշխատանքները»:

«Հետքի» մեր գործընկերը Միշա Հակոբյանի հետ հառախոսազրույի միջոջով պարզել էր վերջինի Օձուն չգալու պատճառը: «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնդրամը 2013-ի ապրիլի 10-ի դրությամբ նրան չի վճարել հեղիանակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը: Հիմնադրամի տնօրենն այսօր հանդիպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանելու ստեղծված իրավիճակը:

Հիմնադրամի տնօրենի պարզաբանմամբ՝ ճարտարապետին վճարումները չեն կատարավել, քանի որ չի ներկայացվել 2012 թվականի կատարողական հաշվետվությունը, նաև հավելեց, որ պայմանագրի համաձայն ճարտարապետը մինչև եկեղեցու վերականգնման շինարարարկան աշխատանքների ավարտը, ամիսը գոնե երեք անգամ պետք է լինի շինտեղամասում: Միշա Հակոբյանն, ի դեպ, «Հետքի» հետ զրույցում նշել էր , որ 1848 թվականի լուսանկարներով պարզել է, որ 10-րդ դարում Օձունի եկեղեցու քիվերը ծածկված են եղել կղմինդրով: Ինքը որոշել է վերականգնել կղմինդրե քիվերը և դրա համար պատրաստովում է պաշտոնական առաջարկություն ներկայացնել մշակույթի նախարարաության գիտամեթոդական խորհրդին: Ճարտարապետն ու հիմնադրամի տնօրենի տեսակետներն այս հարցում ևս չեն համընկնում: Վերջինի համոզմամբ, ճարտարապետի առաջարկությունը ենթադրում է նախագծի փոփոխություն, ինչը եկեղեցու վերականգնման աշխատանքները կարող է ձգձգել ևս մեկ տարով:

Վերջում հավելենք, որ Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 25-ին:

Back to top button