Հայ- կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում այսօր առաջին անգամ անցկացվել է «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հնարավոր զարգացումները։
Հայ-կորեական գործակցության մասին խոսելիս առայժմ առանձնացվում է հատկապես մշակութային ոլորտը: «2006թ.-ին մեծ ջանքերի գնով Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան մուտք գործեցին կորեերենը եւ կորեական մշակույթը, ինչն իր մեծ ներդրումն ունեցավ հայ-կորեական հարաբերություններում»,- ասաց բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը:
Գիտաժողովը համատեղ կազմակերպել են Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԵՊԼՀ-ն Կորեայից Հայաստան է հրավիրել բազմաթիվ գիտնականներ եւ դասախոսների՝ համալսարանում դասախոսություններ կարդալու, եւ հայ երիտասարդներին կորեական մշակույթին ծանոթացնելու համար:
Լեզվաբանական համալսարանից էլ բազմաթիվ ուսանողներ Կորեայում են պրակտիկա անցել, հաղորդակցվել են այդ երկրի մշակույթին եւ պատմությանը: Գիտաժողովին մասնակից կողմերը կարեւորում են նաեւ հայերեն-կորեերեն բառարանի ստեղծումը եւ դրա էլեկտրոնային տարբերակն ունենալու ջանքերը:
Թե որքանով գիտաժողովը կնպաստի Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, եւ թե դա ինչպես կարտացոլվի հայ-կորեական տնտեսական հարաբերությունների վրա, ժամանակի հարց է։