ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանությունն ունեցել է իր Նյուրնբերգը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերում շեշտադրումների վերանայման  կարիք կա, այսօր նման դիտարկում է արել  Սահմանադրական դատարանի խորհրդական, արդարադատության նախկին նախարար  Գևորգ Դանիելյանը:
Նրա  կարծիքով՝ շեշտադրումները պետք է պատմականից իրավական հարթություն տեղափոխվեն և հիմնվեն առաջին հերթին այն դատական ակտերի վրա, որոնք  դարասկզբին կայացրել են թուրքական դատարանները։
1918թ.՝ Մուդրոսի հաշտության համաձայնագրից հետո,  Թուրքիան ձեռնամուխ եղավ հարկադրված դատավարությունների, որոնցով փորձում էր  պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար:

Մեղադրյալները կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ էին:  Երիտթուրքերի հանցագործությունների գործով դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին. 31 հանցագործներից 4-ը` ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նազիմը մահվան դատապարտվեցին հեռակա կարգով, քանի որ դատավարության ընթացքում արդեն լքել էին Թուրքիան:
Մյուս 27 մեղադրյալները դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման, մի մասն էլ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվեց։
Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ երիտթուրքերի դատավարություննայնեզակիուանհերքելի իրավական փաստերիցէ, որովապացուցվումէՕսմանյանԹուրքիայումհայերիդեմպետականորենկազմակերպվածուիրագործվածցեղասպանությունը:

«Ցավոք, անդրադառանլով Ցեղասպանության ճանաչման խնդրին, մենք ավելի հակված ենք պատմական փաստաթղթեր ներկայացնել, դրանք ուսումնասիրել՝ մոռանալով, որ ամենաառանցքային խնդիրն ի ապացույց դրանց իրավական  փաստեր ներկայացնելն է: Դատական ակտերը այս առումով եզակի ապացույց են»:

Զուգահեռը Գևորգ Դանիելյանը տանում է Հոլոքոստի հետ՝ պատասխանելով հաճախ հնչող հարցին, թե ինչու է աշխարհն  անվերապահորեն  ընդունում  Հոլոքոստը, իսկ Հայոց ցեղասպանության հարցում   տարակածություններ ունի։
«Հոլոքոստի հիմքում միշտ դրվում է Նյուրնբերգյան դատավարությունը, որի ապացույցները համարվում են Հոլոքոսթի ապացույցներ: Մեր քաղաքականության մեջ խոցելին այն է, որ չենք կարողացել բավարար քննարկման նյութ դարձնել այն, որ դատական ակտեր Եղեռնի հետ կապված ևս կան»:

Ավելին՝ դրանք կայացրել են հենց թուրքական դատարանները ցեղասպանությունից անմիջապես հետո: Այսօր Թուրքիան ամեն ինչ անում է, որ իր ազգային դատարանների կողմից կատարված ոճրագործությունը դատապարտող դատական ակտերը  չդառնան քննարկման առարկա, որպես արդարացում նշում է, որ դրանք  ընդունվել են միջազգային ճնշման ներքո։
Սրանք, ըստ Գևորգ Դանիելյանի, ուժեղ հիմնավորումներ չեն և էական նշանակություն ունենալ չեն կարող:  Այդ դատական ակտերը մինչ այժմ չեն վիճարկվել, նշանակում է օրինական ուժ ունեն: Այն, որ դատավճռից մի քանի տարի անց թուրքական իշխանությունը դատապարտյալների նկատմամբ համաներում է կիրառել, նույնպես չի փոխում գործի էությունը, որովհետև թուրքական իշխանությունները գնացել են ոչ թե վճիռը վիճարկելու, այլ ներելու ճանապարհով:
«Նկատի ունեցեք, որ գենոցիդ տերմինը 18-20թթ. չէր կիրառվում և չէր էլ կարող կիրառվել, բայց բովանդակային իմաստով այս դատական ակտերը փաստում են հենց այն իրադարձություններն ու այն իրավական հատկանիշները, որոնք կոչվում են գենոցիդ»։
Գևորգ Դանիելյանը մշակել է այս  դատական ակտերի համակողմանի ուսումնասիրության, դրանց հիմքում դրված արխիվային փաստաթղթերի հետազոտության և այս ամենի արդյունքներով միջազգային դատական ատյաններին, կազմակերպություններին ու պետությունների խորհրդարաններին դիմելու խնդիրների լուծմանն ուղղված թեմատիկ ծրագիր: Այն ներկայացրել է Գիտության պետական կոմիտեի քննարկմանը  և հույս ունի, որ ծրագիրը կդառնա  պետական հոգածության առարկա  առաջիկա երկու տարիների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button