Հասարակություն

Արագաչափերն ու տեսախցիկները կշարունակեն ավելացնել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ՀՀ-ում վերջին 3 ամիսների ավտովթարների վիճակագրությունն այսօր ներկայացնելով՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը դրանք կանխատեսելի գնահատեց։
2013 թվականի ապրիլի 14-ի դրությամբ՝ գրանցվել է 625 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 57,  մարմնական վնասվացք ստացել 897 մարդ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակն ավելացել է 110-ով, իսկ մարմնական վնասվածք ստացողների թիվը` 155-ով:
Ճանապարհապարեկային ծառայության պետի տեղեկացմամբ` Հայաստանի պատմության մեջ ճանապարհատրանսպորտային պատահարներից ամենամեծ թվով զոհերը գրանցվել են 2008 թվականին`407 մարդ։
Երթևեկության կարգ ու կանոնի բարելավմանը զգալիորեն նպաստել են նաև վերջին տարիներին տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները:
Հանրապետության տարածքում այսօրվա դրությամբ  առկա 65 արագաչափերը մինչև տարեվերջ նախատեսվում է ավելացնել ևս 50-ով: Ավելացվելու են նաև տեսախցիկներով զինված փողոցները մայրաքաղաքում:
Եթե այսօր Երեւանում տեսախցիկ տեղադրված է 50 խաչմերուկում՝ մինչև տարեվերջ տեսախցիկներ կտեղադրվեն մայրաքաղաքի ևս  30 խաչմերուկներում, հավաստիացրեց Նորիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է վարորդների դժգոհություններին, կապված ճանապարհային երթևեկության նշանների ինչ-ինչ պատճառներով անտեսանելիությանը, ճանապարհապարեկային ծառայության պետը հավաստիացրեց, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է և ճանապարհային ոստիկանությունը տարվա մեջ 2 անգամ ուսումնասիրում է բոլոր ճանապարհային երթևեկության նշաններն ու շտկում թերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button