ԿարևորՔաղաքական

Աշոտ Մանուչարյան.«Քաղաքական ուժերի «բզկտվածությունն» անընդունելի է»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Քաղաքական ուժերի «բզկտվածությունն» անընդունելի է: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով, մասնավորապես, մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Մանուչարյանի խոսքով` այդ բզկտվածությունը հատկապես անընդունելի է երեք ուժերի դեպքում, որոնց հետեւից այսօր դեռեւս գնում է ժողովուրդը: Ըստ Մանուչարյանի` այդ ուժերն են Ժառանգությունը, ՀԱԿ-ն ու Սարդարապատ շարժումը:

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ` քանի դեռ ամբողջ ընդդիմադիր դաշտը չի կարողանում գտնել հարցի պատասխանը, թե ում շուրջ է հնարավոր համախմբվել` լուրջ ներքաղաքական զարգացումների սպասելն անիմաստ է: Ժողովրդի եւ երկրի խնդիրները լուծելու տեսանկյունից խիստ կարեւոր է թվարկած ընդդիմադիր երեք ուժերի միասնական գործունեությունը` ասաց Աշոտ Մանուչարյանը: Կարեւոր մի խնդիր կա` պետք է հասկանալ, որ օլիգարխիական միավորումները չպետք է անգամ իշխանությանը մոտ լինեն` ձեւակերպեց Մանուչարյանը:

Թեմային անդրադառնալով` Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքում ազդեցություն ունենալ, սակայն, թե ինչ չափով կարելի է հասկանալ ընդդիմադիր դաշտի ներկայիս քայլերից:

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նկատեց նաեւ, որ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը թվացյալ է անհանգիստ ու անհանդուրժող, սակայն, ներքին քաղաքական կյանքը բավականին հանդարտ է եւ անհանգստանալու որեւէ խնդիր չունենք: Միջոցառումներն էլ, որ տեղի են ունենում, գուցե, կարող են ազդել իշխանավորների պահվածքի վրա, սակայն ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու միտում չունեն իրենց մեջ` նկատեց Գառնիկ Իսագուլյանը:

Ապրիլի 9-ին նախագահը ստանձնեց իր պաշտոնավարման ժամկետը, զուգահեռ Ազատության հրապարակում տեղի ունեցավ երդմնակալություն, որին, սակայն, որեւէ մեկը հստակ գնահատական չի կարողանում տալ եւ որը չի կարող լուրջ ներքաղաքական հետեւանքներ ունենալ` շարունակեց Գառնիկ Իսագուլյանը:

Աշոտ Մանուչարյանն ասաց, թե չի կիսում խոսակցությունները, ըստ որոնց` Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը պարտվել է: Անդրադառնալով ապրիլի 9-ի դեպքերին` նա կարծիք հայտնեց, որ տեղի ունեցավ մի արարողություն, որով «մերժվեց գոյություն ունեցող կյանքը»: Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` դա ազդանշան էր իշխանություններին` վերեւից լրջագույն փոփոխությունների գնալու համար, հակառակ դեպքում, նրա կանխատեսմամբ, երկու տարի անց` 2015-ի սեպտեմբերի 21-ից հետո կսկսվեն լուրջ ներքաղաքական զարգացումներ` արդեն ներքեւից:

Ինչ վերաբերում է ոստիկանության քայլերին. Աշոտ Մանուչարյանի խոսքով` ոստիկանությունն ապրիլի 9-ի հանրահավաքին բավականին «մեղմ էր», իսկ ստեղծված իրավիճակը շտկվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ժամանելով ու բանակցությամբ: Ոստիկանապետի քայլը դրվատեց նաեւ Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը նաեւ տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը դեռ հայտարարություն կանի ավագանու ընտրությունների հետ կապված:

Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ինքը քաղաքական ուժերի կողքին է այնքանով, որքանով վերջինները սպասարկում են ժողովրդին, իսկ որքանով էլ քաղաքական խարդավանքների մեջ են` ինքը քննադատում է: Աշոտ Մանուչարյանն այս մասին ասաց` ի պատասխան լրագրողի այն հիշեցմանը, որ Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե Մանուչարյանն էլ իրենց կողքին է, սակայն այդ մասին չգիտե: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամն ասաց նաեւ, որ վատ է վերաբերում ՀՀՇ-ի` «ՀԱԿ» կուսակցության մեջ մտնելուն` համարելով դա «հիմարություն»: Այս թեմային այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Բարձր գնահատելով ՀՀՇ-ի դերակատարումը մեր պատմության մեջ` նա, սակայն, նկատեց, որ միաժամանակ այդ անունը որոշակի բեռ էր դարձել, հետեւաբար` ճիշտ քայլ էր այն վերանվանելը, մանավանդ` ՀԱԿ-ը որպես շարժում երկար պահելն էր դժվար:

Ցուցադրել ավելի
Back to top button