ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է գրադարանային շաբաթ ծրագիրը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկի գրադարանային շաբաթ ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցում են մարզային, համայնքային, գյուղական գրադարանները, որոնք էլ հանդես կգան առանձին ծրագրերով: Պետության ուշադրությունը մեծացել է ոլորտի վրա, լրագրողների հանդիպման ժամանակ ասել են բնագավառը համակարգողները: Պատճառը հայակական գրատպության 500 ամյակն է և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը:

Արդեն 11-րդ տարին է Հայկական գրադարանային ասոցիացիան հանրապետությունում կազմակերպում է ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը, որն այս տարի կանցկացվի «գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Նպատակը մեկն է` հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանային հիմնախնդիրների վրա: Վերջին տարիներին գրադարանային ոլորտը գրանցել է բազում ձեռքբերումներ, ասում է Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը.
«Վերանորոգվեցին բազնմաթիվ գրադարաններ,որոշ գրադարաններում էլ սկսվում կամ ավարտվում կահավորման փուլը»:

Թերացումներ կան հատկապես համայնքային, գյուղական շրջանների գրադարաններում, խոստովանում է Ռուզաննա Տոնոյանը և հավելում, որ իրենց նպատակը մեկն է` բարձրաձայնել թերությունների մասին և համատեղ ուժերով դրանց լուծումներ տալ: Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի խոսքով` աշխարհում արդեն թվային գրադարաննների ստեղծման գործընթաց է գնում: Վերջինս կարևորում է թվային տեխնոլոգիաների և գրքի համատեղ գործընթացը, որն էլ, ըստ նրա, կնպաստի ընթերցողի տեղեկատվություն ստանալուն: Կան բազմաթիվ ծրագրեր: Դրանցից է «Ալեք» ծրագիրը, որի մեջ ընդգրկված են ՀՀ 12 խոշոր գրադարանները:
«Մուտքագրվում են գրադարաններում եղած գրականությունը, Հայաստանի Ազգային գրադարանում ավարտվել է հայերեն գրականության մուտքագրումը և վայրկյանների ընթացքում կարելի է իմանալ, թե Հայաստանի Ազգային գրադարանում կամ մյուս գրադարաններում ձեր հայերեն ցանկացած գիրքը կա, թե՞ ոչ»:

Ազգային գրադարանը սկսել է նաև պարբերական մամուլի մուտքագրման ծրագիրը, որը գրադարանի փոխտնօրենը շատ է կարևորում: Հանրապետությունում գրադարանային գործընթացների մեջ կարևոր ձեռքբերումներ կան, սակայն խնդիրը գյուղական գրադարանններում է, ասում է Ռաֆիկ Ղազարյանը և ավելացնում, որ այնտեղ մտահոգիչ է գրականության ձեռքբերումը, կադրային վիճակն ու շենքային պայմանները: Չնայած մշակույթի նախարարությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, սակայն դեռևս խնդիրներն առկա են:

Մշակույթի նախարարի նախաձեռնությամբ անցյալ տարի մի քանի մարզերի նվիրվել է 1200 միավոր գրականություն է, իսկ 2000 միավոր գրականություն էլ Ազգային գրադարանի կողմից տրամադրվել է ոչ միայն մարզային գրադարաններին, այլ նաև քրեակատարողական հիմնարկներին:

Ցուցադրել ավելի
Back to top button