Միջազգային

Հրապարակվեց Մագնիտսկու ցանկի պատասխան ցանկը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախաարությունն` ի պատասխան նախօրեին հրապարակված «Մագնիտսկու ցուցակի», հրապարակել է ՌԴ մուտք գործելն  արգելված անձանց՝ 18 ամերիկացիներից բաղկացած իր ցուցակը: Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: «Հատուկ ընդգծում ենք, որ ի տարբերություն կամայական սկզբունքով ձևավորված ամերիկյան ցուցակի, ռուսական ցուցակում ընդգրկվել են առաջին հերթին նրանք, ովքեր առնչվում են Գուանտանամո բանտում կտտանքների և անժամկետ ձերբակալությունների օրինականացմանը, երրորդ երկրներում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններին ու հափշտակումներին, նրանց կյանքին և առողջությանն ուղղված ոտնձգություններին», — ասված է հայտարարությունում:

Ռուսական ցուցակում ներառված 18 անձանցից 4-ը Գուանտանամո բանտի ստեղծման և ղեկավարման նախկին պատասխանատուներն են: Նրանց թվում են ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Դևիդ Էդդինգթոնը (2005-2008), ԱՄՆ արդարադատության նախարարության իրավական հացերով խորհրդական Ջոն Յուն(2001-2003), Գուանտանամոյում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի նախկին հրամանատարներ Ջեֆրի Միլլերն (2002-2003) ու Ջեֆրի Հարբերսոնը (2010-2013): Մնացած 14-ը դատավորներ են, դատախազներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ովքեր ժամանակին անմիջականորեն իրականացրել են զինամթերքի վաճառքով զբաղվող ռուս գործարար Վիկտոր Բուտի և օդաչու Վիկտոր Յարոշենկոյի արտահանձնումն ու դատապարտումը Նահանգներում:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգներում նախօրեին հրապարակվել էր «Մագնիտսկու ցուցակը», որը պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ի հեճուկս կանխատեսումների, հրապարակված անձանց ցանկում բացակայում են ռուս պաշտոնյաներ, ցուցակում առկա է 18 անուն, որոնցից 16-ն, ըստ ամերիկյան կողմի, ուղղակիորեն պատասխանատվություն է կրել ռուս իրավաբան ու իրավապաշտպան, «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու բանտում չբացահայտված հանգամանքներում մահվան հետ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ ցուցակն ունի գաղտնի լրացում, որում ներառված անձիք ու նրանց ընդհանուր քանակը հրապարակման ենթակա չէ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, պատճառը վերջիններիս ազդեցիկ պաշտոնյաներ լինելու հանգամանքն է: Ռուսական լրատվամիջոցներն, իրենց հերթին, չեն հստակեցնում՝ արդյոք ռուսական կողմը ունի գաղտնի ցուցակ, որը ևս հրապարակման ենթական չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button