Հասարակություն

Փաստաբաններն առաջիկայում կրկին բողոքի ակտիվ գործողությունների կանցնեն

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Դատական համակարգից դժգոհ մի խումբ փաստաբաններ, որոնք իրենց բողոքը նախ անցած ամռանը, ապա նաև մոտ մեկ ամիս առաջ արտահայտել էին գործադուլի տեսքով` բոյկոտելով դատական նիստերը, առաջիկայում ևս կշարունակեն պայքարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր ասել է, որ շուտով  հանդես կգան հայտարարությամբ: Նախատեսում են նաև մամուլի ասուլիսների շարք`  բացահայտումներով` կապված կոնկրետ դեպքերի հետ:

Դատական համակարգից դժգոհ է ու արդարադատության նկատմամբ վստահություն չունի ոչ միայն հանրությունը, այլև տարբեր ատյանների դատարաններում քաղաքացու շահերը ներկայացնող փաստաբանները: Նրանցից Կարեն Մեժլումյանի կարծիքով, օրինակ, խնդիրը ոչ այնքան օրենսդրական կարգավորման, որքան անձերի մեջ է: Նա հիշեցնում է, որ փաստաբանները դեռ անցած տարվա ամռանը իրենց բողոքն արտահայտել էին գործադուլի տեսքով` բոյկոտելով դատական նիստերը: Պահանջների թիրախում վճռաբեկ դատարանն էր:

Օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ էին` վճռբեկ դատարնին պարտադրելու համար պատճառաբանել բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշումը, բայց հստակություն մտցնող այդ փոփոխությունները մինչ օրս չեն արվել, ասում է Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանները բողոքի ձայնը բարձրացրեցին նաև մեկ ամիս առաջ, բայց Մեժլումյանի խոսքով, իրենց նախաձեռնությունը քաղաքականացվեց, ուստի իրենք որոշեցին սպասել հետընտրական զարգացումների ավարտին ու նախագահի երդմնակալությանը, հետո առավել առարկայական արտահայտել բողոքը: «Մեր բողոքը դատական համակարգի կողմից  փորձ է արվում պարզունակացնել»,-ասում է Կարեն Մեժլումյանը:

Իր աշխատանքային պրակտիկայում նմանատիպ խնդիրների Մեժլումյանը շատ է հանդիպել: Առաջիկայում կոնկրետ դեպքերի հետ կապված բացահայտումներ նա և իր գործընկերները կանեն մամուլի ասուլիսների միջոցով: Մյուս գործողությունների հետ կապված հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button