Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին ներկա կլինի, ասում են ժառանգականները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագիրը դեռևս չի հրապարակվել, բայց ավագանու անդամների թեկնածուները հավաստիացնում են, որ առաջիկա օրերին կլինի դրա շնորհանդեսը: Ծրագրում մատնանշվելու են քաղաքի ինչպես սանիտարական, այնպես էլ բնապահպանական, տրանսպորտային և այլ խնդիրների լուծումները:

«Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակով 7-րդ համարը զբաղեցնող Դավիթ Սանասարյանն ու 8-րդ համարը զբաղեցնող Արթուր Իսպիրյանն այսօր խոսել են իրենց ծրագրերից և անդրադարձել նաև ապրիլի 9-ի իրադարձություններին, որոնք ըստ Դավիթ Սանասարյանի արդարացրել են իր սպասելիքները:

Կուսակցության անդամները երևէ նորություն չունեն Րաֆֆի Հովհաննիսյանից, միայն գիտեն, որ նա ժամը 18.00-ին ներկա է լինելու իր հրավիրած հանրահավաքին:

«Ժառանգության» անդամ  Դավիթ Սանասարյանը չի հասկանում, թե ինչ իրարանցում է ստեղծվել իրենց առաջնորդի` Մոսկվա մեկնելու շուրջ, առավել ևս, երբ նա այդ մասին նախապես հայտնել էր:

Առջևում ավագանու ընտրություններն են և  երգիչ Արթուր Իսպիրյանը, որը թեեւ կուսակցության անդամ չէ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում է ավելի քան 10 տարի և մեծ սիրով է ընդունել  ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկը:

Եթե դառնա ավագանու անդամ, ապա Արթուր Իսպիրյանն առաջնայինը կլուծի աղբահանության, ապա կանաչապատման խնդիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button