Հասարակություն

ՀՀ-ի և Վրաստանի միջև անլուծելի հարցեր չկան

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա  Փանջիկիձեին: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝  հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար:

Մայա  Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջերմ ողջույնները: Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև միասնական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը: Այդ համատեքստում, կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային  անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը՝ Վրաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ: Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button