Հասարակություն

Հասարակական ակտիվություն համացանցից օգտվողների համար

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/120413satik.mp3
Տեղեկատվության ստեղծումն ու տարածումը տեղեկատվական նոր տեխնոլոգիաների միջոցով դարձել է դարի հրամայականը:  Արդի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրազեկման  այլըմտրանքային աղբյուրների միջոցով բացահայտել ու լուսաբանել այն ամենը, ինչը թույլ չի տրվում անել լայն լսարան ունեցող  հեռուստաընկերություններին կամ մամուլին:
Արմավիրի մարզի երիտասարդները մասնակցելով  «Արմավիրի  ճամբար 2- րդ շնչառություն»  միջոցառմանը նոր ծանոթությունների շնորհիվ  տարբեր նախաձեռնություններով կարող են հանդես գալ  դեռևս քիչ հայտնի էլեկտրոնային կայքերում ու բլոգներում, որոնք ստեղծվել են հասարակության մեջ ակտիվություն դրսևորող նախաձեռնող խմբերի կողմից։
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում գործող Արմավիրի ինֆոտուն ծրագիրը երկու տարվա կյանք ունի, որի  նպատակն է իրազեկել արմավիրցիներին համացանցի հնարավորությունների մասին և ծանոթացնել համացանցում ակտիվ անհատների և կազմակերպությունների ծավալած գործունեությանը։
Ծանոթանալով ծրագրին՝ երիտասարդները կկարողանան համացանցում տարածել իրենց սեփական գաղափարները, որոնք հասանելի կդառնան ընթերցողներին:

Ծրագրում ներգրավված 100-ից ավելի երիտասարդները քննարկում են մեր իրականությունում  առկա  բացթողումներն ու բացասական երևույթները, փորձում գտնել լուծման տարբերակները այլընտրանքային միջոցներով, այսինքն՝ ինչպես տեղեկացրեց Արմավիրի ինֆոտուն ծրագրի համակարգող Արման Ազիզյանը, փորձում են  ձևավորել  իրազեկ քաղաքացիներ, ովքեր ակտիվ արձագանքում են խնդիրներին:

«Արմավիրի ճամբար 2-րդ շնչառություն» միջոցառմանը արմավիրցի երիտասարդներին իրենց էլեկտրոնային կայքերը ներկայացրին համացանցի մի շարք օգտատերեր, որոնք կարող են նախաձեռնող խմբերի  կամ ակտիվիստների  մտահղացումներին ու գաղափարներին հավանություն տալ և տեղեկատվությունը տեղադրելով իրենց կայքերում կամ բլոգներում, տարածել, քննարկել և արդյունք ստանալ:
Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի տնօրեն և ուսուցանող Մանանա Ասլամազյանը ներկայացրեց համացանցի նշանակությունն ու ներգործության ազդեցությունը:
Արմավիրի ինֆոտանը հյուրընկալվել էր նաև  արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:  Փոխնախարարի 2-րդ հանդիպումն էր Արմավիրի ճամբարում: Արամ Օրբելյանը ներկայացրեց արդարադատության նախարարության կայքը,  մարմնի կառուցվածքը, գործառույթները և օգտվելու հնարավորությունները, որը տարեցտարի փոփոխվում է, դյուրին ու մատչելի դառնում քաղաքացիների համար։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button