Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ Ազատության հրապարակինը ոչ թե շարժում է, այլ՝ հախուռն բողոք


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ժողովրդի հետընտրական սպասելիքները չարդարացան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ազատության հրապարակում տեղի ունեցածն էլ որակել է ոչ թե շարժում, այլ հախուռն բողոք։
Ապրիլի 12- ին «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին, ըստ պատգամավորի, քիչ թվով մարդիկ կմասնակցեն և չբացառեց, որ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի, քանի որ գտնվում է Մոսկվայում:
2008 թվականի մարտի 1-ի և սույն թվականի ապրիլի 9-ին կատարվածի միջև մեծ տարբերություն է տեսնում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը։
Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, սակայն հավելեց, որ իշխանությունը չի փոխվել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև զուգահեռներ անցկացնելն էլ անթույլատրելի է համարում։
Վերջինիս խոսքով` Լևոն Տեր Պետրոսյանի լիդերությունը չունի ոչ մի քաղաքական գործիչ: Ես շատ ուրախ կլինեի, որ ժողովուրդը կարողանար արձանագրել իր հաղթանակը, ընգծեց Սարգսյանը։
«Րաֆֆի Հովհաննիսյանի ամբողջ նախընտրական շրջանը կառուցված էր տիտղոսավոր ընդդիմությանը և Լևոն –Տեր Պետրոսյանին վարկաբեկելու վրա եւ նա թիրախ էր վերցրել մի մարդու, որը չէր մասնակցում նախագահական ընտրություններին»։
Խոսելով գալիք ավագանու ընտրություններից` ՀԱԿ պատգամավորը նշեց, որ վստահություն չի կարող լինել, որ համապետական կամ քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունը կարող է գրանցել իր հաղթանակը, բայց «Երևանում ժողովուրդը շատ ավելի տեղեկացված է և քաղաքականացված ու վախի մթնոլորտն էլ շատ ավելի թույլ է արտահայտված, հետևաբար՝ կարող ենք ակնկալել, որ ժողովուրդը ազատ ընտրելու հնարավորություն կունենա»:
Ազատ ընտրելու հնարավորություն կունենա, սակայն չի բացառում ընտրակաշառքների բաժանումն ու ճնշման մեխանիզմների կիրառումը: Լյուդմիլա Սարգսյանի համար կարևոր է, որ ընտրություններին թեկնածուները մասնակցում են համամասնական ցուցակով, քանի որ մեծամասնական թեկնածուները,ապահովելով սեփական ձայները, աջակցում են իշխանության համամասնական ցուցակին: Երևանի ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնել ավելի հեշտ է։ ՀԱԿ պատգամավորի կարծիքով` իրենք ավագանու ընտրություններում կարող են դրական արդյունքներ գրանցել:
«Եթե ընդդիմությունը միասին իր տոկոսներով կարողանա ավելի ձայներ հավաքել, քան Հանրապետական կուսակցությունը, այդ դեպքում մենք կկարողանանք նաև կոալիցիայի հնարավորություն ստեղծել և մեծամասնությամբ ընտրել Երևան քաղաքի քաղաքապետին»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով` մայրաքաղաքում առաջինն անհրաժեշտ է փոխել մթնոլորտը, կենտրոնի նորաստեղծ այլանդակված շենքերի պատկերը։
Կուզեի, որ անճաշակությունը վերանար քաղաքից, ասում է Սարգսյանը և հավելում, որ Երևանը գեղեցիկ է, երբ թափառաշրջիկներ, քաղցած և անօթևան մարդիկ չկան:
Հուսով է, որ կգա ժամանակը, երբ ընդդիմությունը կհամախմբվի և կգրանցի իր հաղթանակը՝ ընտրելով Երևանի նոր քաղաքապետին։