Քաղաքական

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ Ազատության հրապարակինը ոչ թե շարժում է, այլ՝ հախուռն բողոք

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ժողովրդի հետընտրական սպասելիքները չարդարացան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ազատության հրապարակում տեղի ունեցածն էլ որակել է ոչ թե շարժում, այլ հախուռն բողոք։
Ապրիլի 12- ին «Ժառանգություն» կուսակցության  կողմից կազմակերպված հանրահավաքին, ըստ պատգամավորի,  քիչ թվով մարդիկ կմասնակցեն և չբացառեց, որ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը  չի մասնակցի, քանի որ գտնվում է Մոսկվայում:

2008 թվականի մարտի 1-ի և սույն թվականի ապրիլի 9-ին  կատարվածի միջև մեծ տարբերություն է տեսնում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը։

Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, սակայն հավելեց, որ իշխանությունը չի փոխվել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև զուգահեռներ անցկացնելն էլ անթույլատրելի է համարում։

Վերջինիս խոսքով` Լևոն Տեր Պետրոսյանի լիդերությունը չունի ոչ մի քաղաքական գործիչ: Ես շատ ուրախ կլինեի, որ ժողովուրդը կարողանար արձանագրել իր հաղթանակը, ընգծեց Սարգսյանը։
«Րաֆֆի Հովհաննիսյանի ամբողջ նախընտրական շրջանը կառուցված էր տիտղոսավոր ընդդիմությանը և Լևոն –Տեր Պետրոսյանին վարկաբեկելու վրա եւ նա թիրախ էր վերցրել մի մարդու, որը չէր մասնակցում նախագահական ընտրություններին»։
Խոսելով գալիք ավագանու ընտրություններից` ՀԱԿ պատգամավորը նշեց, որ վստահություն չի կարող լինել, որ համապետական կամ քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունը կարող է գրանցել իր հաղթանակը, բայց «Երևանում ժողովուրդը շատ ավելի տեղեկացված է և քաղաքականացված ու վախի մթնոլորտն էլ շատ ավելի թույլ է արտահայտված, հետևաբար՝ կարող ենք ակնկալել, որ ժողովուրդը ազատ ընտրելու հնարավորություն կունենա»:

Ազատ ընտրելու հնարավորություն կունենա, սակայն չի բացառում ընտրակաշառքների բաժանումն ու ճնշման մեխանիզմների կիրառումը: Լյուդմիլա Սարգսյանի համար կարևոր է, որ ընտրություններին թեկնածուները  մասնակցում են համամասնական ցուցակով, քանի որ մեծամասնական թեկնածուները,ապահովելով սեփական ձայները, աջակցում են իշխանության համամասնական ցուցակին: Երևանի ընտրատեղամասերում  վերահսկողություն իրականացնել  ավելի հեշտ է։ ՀԱԿ պատգամավորի կարծիքով`  իրենք ավագանու ընտրություններում կարող են դրական արդյունքներ գրանցել:

«Եթե ընդդիմությունը միասին իր տոկոսներով  կարողանա ավելի ձայներ հավաքել, քան Հանրապետական կուսակցությունը, այդ դեպքում մենք կկարողանանք նաև կոալիցիայի հնարավորություն ստեղծել և մեծամասնությամբ ընտրել Երևան քաղաքի քաղաքապետին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով`  մայրաքաղաքում առաջինն անհրաժեշտ է փոխել մթնոլորտը, կենտրոնի նորաստեղծ այլանդակված շենքերի պատկերը։
Կուզեի, որ անճաշակությունը վերանար քաղաքից, ասում է Սարգսյանը և հավելում, որ Երևանը գեղեցիկ է, երբ թափառաշրջիկներ, քաղցած և անօթևան մարդիկ չկան:

Հուսով է, որ կգա ժամանակը, երբ ընդդիմությունը կհամախմբվի և կգրանցի իր հաղթանակը՝  ընտրելով Երևանի նոր քաղաքապետին։

Ցուցադրել ավելի
Back to top button