ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը` հայերեն թարգմանությամբ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ: Թարգմանիչը` Լեոնիդ Զիլֆուղարյանն է, 1000 տպաքանակով գիրքը հրատարակվել է «Նորք» հրատարակչությունը: Հիշեցնենեք՝ Այլիսլիի այս վեպը 2012-ին հրատարակվեց ռուսական «Դրուժբա նարոդով» հանդեսում, որից հետո սկսվեցին գրողի հանդեպ հալածանքները հայրենի Ադրբեջանում: Իլհամ Ալիևի հրամանագրով 75-ամյա գրողը զրկվեց «Ժողովրդական գրող» կոչումից և անհատական թոշակից: Գրքի հայերեն թարգմանության հրատարակության առիթով այսօր լրագրողների հետ են հանդիպել Լեոնիդ Զիլֆուղարյանն ու արձակագիր Ռուբեն Հովսեփյանը:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը նրա ծննդավայր Այլիսի` պատամական Ագուլիսի մասին է: «Տեր Աստված, այդ ինչ տեղ է: Միթե գետի զառիթափ ափից լեռան լանջն ի վեր ձգվող այդ սանդղավանդ աշխարհն իրոք գոյություն ուներ Այլիսում…Այդ ինչ Այլիս էր, ուր միակ նեղլիկ կիրճը հանկարծ մեծանում`հսկայական աշխարհ էր դառնում: Միթե Այլիսն այդքան տարածվել է, կամ այդ ով է աշխարհի բոլոր քարակերտ աստիճաննրն ու սանդղախորշերը հավաքել Այլիսի նեղլիկ կիրճում: Այս ինչ վայր է, տեր իմ Աստված»: Ագուլիսի սալահատակ փողոցներով, այգիներով, տասներկու կիսաքանդ կամ իսպառ վերացած հայկական եկեղեցիներով ներշնչված հեղինակն իր վեպը գրել է, ինչպես թարգմանիչ Լեոնիդ Զիլֆուղարյանն է ընդգծում, մեծ ազնվությամբ:

Ադրբեջանի հակահակական քարոզչությամբ ներծծված մթնոլորտում Այլիսլիի վեպը նման էր ռումբի պայթյունի: Ադրբեջանական հայատյաց իրականության մեջ ադրբեջանցի գրողն առաջին անգամ համարձակվեց հայի մասին խոսել ոչ իբրև ոխերիմ թշնամու: Հայ մարդու, ում հետ կողք-կողքի ապրել է Այլիսում, Բաքվում, հայի, որի հետքն այլևս գոյություն չունի այս վայրերում: Արձակագիր, հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանի խոսքով՝ Այլիսլիի վեպը կարծես լույս էր խավարի մեջ, որը գալիս է ասելու, որ այդ հասարակության մեջ դեռ ամեն ինչ կորած չէ: Այլիսլիի վեպը հակադրբեջանական չէ, ինչպես պնդում են նրա հայրենիքում: Ընդհակառակը, գրողն իր վեպով բարձրացնում է ադրբեջանցու կերպը, ինչի համար Ադրբեջանում միայն շնորհակալ պիտի լինեն»,-ասում է Ռուբեն Հովսեփյանը:

2012-ի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» հանդեսում վեպը տպագրելուց հետո Այլիսլին իր հայրենիքում երնթարկվում է տարատեսակ հալածանքների: Հավաքում և այրում էին նրա գրքերը, մահվան սպառնալիքներ հղում գրողի հասցեին, ով 60-ականներից ի վեր նշանակալի դերակատարություն է ունեցել Ադրբեջանի գրական-մշակությանի կյանքում: Նախագահ Ալիևի հրամանագրով 75-ամյա գրողը զրկվեց «Ժողովրդական գրող» կոչումից և անհատական թոշակից: Գրքի հայերեն թարգմանությունից հետո վայնասուններն այս օրերին կրկին ակտիվացել են: Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ հայերը խախտել են ադրբեջանցի գրողի հեղինակային իրավունքները:

Ի դեպ նշենք, որ «Քարե երազներ» վեպում Այլիսլին գրում է Լուսիկ անունով փոքրիկ աղջկա մասին, որը տատի մոտ հյուր էր գալիս Ագուլիս ու անընդհատ նկարում էր: Այդ փոքրիկ աղջիկը նույն ինքը Լուսիկ Ագուլեցին է, ով իր հարցազրուցներից մեկում վերջերս հիշել ու պատմել էր իր և Աքրամ Այլիսլիի համդիպումը: Երկուսին էլ միավորում է մեծ սերը Ագուլիսի հանդեպ, որը ջարդերից հետո վերանվանվել ու դարձել է Այլիս:

Ցուցադրել ավելի
Back to top button