ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարողանալու քաղաքական իրավիճակ փոխել, ասում են քաղաքագետները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Թեև հետընտրական զարգացումներն անակնկալ էին ինչպես քաղաքական շատ ուժերի, այնպես էլ վերլուծաբանների համար, այնուամենայնիվ՝ «ինաուգուրարացիան» մեկն է, հետևաբար՝ ապրիլի 9-ին տեղի ունեցածը ևս միակն է եղել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Անդրադառնալով նախագահի երդմնակալության ժամանակ այլ երկրների ներկայացուցիչների բացակայությանը՝  քաղաքագետն ասաց, որ մասնակիցների թիվը չէ էականը, կարևորը ընտրույթունների արդյունքների ճանաչումն է այդ երկրների կողմից։
Ինչ վերաբերում է ավագանու առաջիկա ընտրություններին, այն կարող է լուրջ քննություն դառնալ բոլոր ուժերի համար, քանի որ ընդդիմադիր դաշտի վերադարձը կարող է զգաստացնել քաղաքական այն ուժերին, որոնք գերագնահատում կամ փորձում են գերագնահատել իրենց հնարավորությունները, ասաց քաղաքագետը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ դառնալ մեկ միասնական նորաստեղծ ընդդիմության ղեկավար, հետևաբար՝ նա շարունակում է հանդես գալ որպես ընդդիմության մի մասի ներկայացուցիչ։
Այդուհանդերձ` Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ «Ժառանգությունը» որպես քաղաքական կառույց կշարունակի իր գործունեությունը նաև հետագայում, քանի որ անկախ ամեն ինչից այս կուսակցությունը ևս ունի իր ընտրազանգվածը:

Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարողանալու քաղաքական իրավիճակ փոխել։ Սա հայտնի էր ինչպես ապրիլի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ նրա՝ իրավիճակը չէր փոխվի, եթե անգամ ընդդիմադիր բոլոր ուժերը միանային, թեեւ երբեք չեն էլ միավորվի:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվածներին՝ նրանք ոչ թե իր. այլ՝ ընդդիմության ընտրազանգվածն են։

«Նրանք երբեք էլ Րաֆֆիի համար չեն եկել: Հետևաբար՝ նրանք չեն կարող գնալ Րաֆֆիի մոտից: Դա ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն է: 2008 թվականի ընտրություններին, երբ իշխանության գլխավոր մրցակիցը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, նա ուներ իր ընտրազանգվածը, որը ոչ թե ընդդեմ իշխանության էր տվել  ձայնը, այլ իր ձայնը տվել էր հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օգտնին: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նա ստացել էր ոչ թե իր ընտրազանգվածի ձայները, այլ ողջ ընդդիմության ընտրազանգվածի: Հետևաբար՝ նախագահական ընտրություններում 2-րդ տեղը գրաված թեկնածուի անունը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան է, այլ անտի-Սերժ»:

Ինչեւէ՝ Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ դժվար իրավիճակ է այն երկրի համար, որտեղ չկա ընդդիմություն։

Back to top button