ԿարևորՏնտեսական

Հայ- չեխական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն քաղաքականին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայ-չեխական տնտեսական եւ գործարար հարաբերությունները թերզարգացած են, առեւտրային հաշվեկշիռը ցածր է, սակայն կան դրանց զարգացման լուրջ հնարավորություններ. գնահատականը  Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգինն է, ում գլխավորությամբ ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան են այցելել Չեխիայի արդյունաբերության միության փոխնախագահը, ատևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը և արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող չեխական 17 ընկերություններ։

Վերջիններիս մասնակցությամբ այսօր անցկացված հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ ներկայացվեցին երկու երկրների միջեւ տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման եւ առկա ծրագրերն ընդլայնելուն առնչվող հարցեր։ 

«Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ծավալները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել իրավապայմանագրային դաշտին, մի շարք կարեւոր փաստաթղթեր երկու երկրների միջեւ` կապված ներդրումների պաշտպանության եւ խրախուսման հետ, դեռ պակասում են»,- ասաց նախարար Շվարցենբերգը։

Որ երկու երկրների միջեւ առեւտրական փոխանակումներն առավել ընդլայնելու նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր, վստահ է նաեւ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:  Նախարարը Երեւանում ընթացիկ հանդիպումների հետ լուրջ հույսեր է կապում. Հայաստանում գրանցված շուրջ երկու տասնյակ չեխական ձեռնարկությունների թիվը կավելանա, կուրվագծվեն նոր բիզնես ծրագրեր, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում։
Այս համոզման հիմքում Նալբանդյանի այն հիմնավորումն է, որ Եվրամիության մերձեցման համատեքստում Հայաստանում վերջին մի քանի տարիներին կատարվել և շարունակվում են լայնածավալ տնտեսական բարեփոխումներ` ուղղված առավել բաց և մրցունակ տնտեսական պայմանների հաստատմանը:
Որպես 1992 թ-ից դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկու երկրների միջեւ գործակցության նոր ուղիներ որոշակիորեն առանձնացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների,  թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, հիդրո և ատոմային էներգիայի բնագավառները։

Ցուցադրել ավելի
Back to top button