Հասարակություն

Ջարդերից փրկվածի տպագրված օրագիրը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցի առիթով Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի Թոմ Բրեդլի սրահում կայացավ ադրբեջանցիների ջարդից փրկված Աննա Աստվածատրյանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Աննայի օրագրի հիման վրա: Այն մանրամասն ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը թերևս միայն անունների փոփոխությամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում ողբերգական իրադարձությունների ականատես ամեն հայի պատմությունն է:

Աննա Աստվածատրյանը հեռատես տատի խորհրդով տեսածը սկսել է գրի առնել:
«Երբ եկա ՄՆ, 14 տարեկան էի, երկու տարի գրի էի առնում` ինչ հիշում էի: Ցանկանում էի իմ պատմությունը թողնել ապագա երեխաներիս: Ցանկանում էի այդ ողբերգության մասին գրել ու մի կողմ դնել` ՄՆ-ում նոր կյանք սկսելու համար», ասում է Աննա Աստվածատրյանը:

Ադրբեջանցիների եղերագործության մանրամասները, ամեն պահ մահվան սպասումով`իր ու իր ընտանիքի ապրած դաժան օրերի նկարագրությունը, սպանդից մի կերպ փրկվելու, Հայաստան, ապա ՄՆ տեղափոխվելու պատմությունը Աննա Աստվածատրյանը որոշել է տպագրել 20 տարի անց միայն:

«Պատմությունը պիտի պատմվի, պետք է խոսվի, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ Ադրբեջանում: Ցանկանում եմ, որ բոլոր փախստական հայերը սկսեն խոսել այս մասին: դա շատ դժվար է. իմ ծնողների սերունդը դեռ վերապրում է այն օրերի մղձավանջը, թերևս իմ սերունդը պետք է սկսի խոսել, և այդ փաստագրված պատմությունները դիտարկվեն ղարաբաղյան խնդրի լուծման համատեքստում: Դա է իմ գրքի նպատակը», նշեց Աննա Աստվածատրյանը:

ԼԱ քաղաքային խորհրդի և Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումն ըստ բանախոսների, լավագույն ճանապարհներից մեկն է` աշխարհին իրազեկելու ադրբեջանցիների ոճրագործության մասին` ոչ միայն ճշմարտությունը վերականգնելու, այլև այդ երկրի ներկա հակահայկական քաղաքականությունը կասեցնելու համար:

«Այս գիրքը լույս է սփռում ողբերգական իրադարձությունների վրա, որոնց մասին շատերը չգիտեն: Ես իմ աջակցությունն եմ հայտնում մարդկանց իրազեկելու այս ջանքերին: Եթե մոռանանք այդ դեպքերի մասին, դրանք նորից կկրկնվեն», նշեց ԼԱ քաղաքային խորհրդի անդամ Դենիս Զայնը:

«Մենք այսօր գտնվում ենք ՄՆ-ի` մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար մարմնի հեղինակավոր սրահում, որտեղ այս գրքի ներկայացումն ու հեղինակի հյուրընկալությունն ինքնին ասելիք է` ուղղված ՄՆ-ին և աշխարհին, որ այս վայրում մենք չենք մոռանա Սումգայիթի, Բաքվի ջարդերը կամ այլ ոճրագործություններ, երբ և որտեղ էլ դրանք պատահած լինեն», ասաց ԼԱ քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով, այսօր խնդիր ունենք ոչ միայն մարդկանց ներկայացնել այս պատմությունը, այլև մատնանշել դրա կապը Ադրբեջանի ներկա քաղաքականության հետ, որը դրսևորվում է ռազմատենչ հռետորաբանությամբ, հայերի նկատմամբ ատելություն սերմանելով և հայի սպանողին հերոսացնելով: Այդ խնդրի լուծումն ըստ բանախոսների, ոչ միայն հայերի, այլև քաղաքակիրթ աշխարհի գործն է:

Քաղաքագիտական ամբիոններում այսօր սահմանվել են ցեղասպանությանը նախորդող նախադրյալները, նշեց Հարավային Կալիֆորնիայի պրոֆեսոր Ռիչարդ Դեքմեջյանը: Նրա խոսքով, այդ նախանշաններին հետևելով, կարելի է կանխատեսել` ցեղասպանության վտանգ կա, թե ոչ: Ադրբեջանի այսօրվա վարքագծում այդ նախանշանների մեծ մասն առկա է, փաստեց պրոֆեսորը:

Ցուցադրել ավելի
Back to top button