ԿարևորՔաղաքական

Թուրքիան խանգարում է ղարաբաղյան խնդրի կարգավորման ջանքերին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարար  Միրոսլավ Լայչակը: Այցի շրջանակներում կայացել է նրա հանդիպումը մեր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո կողմերը ստորագրել են համաձայնագիր` Հայաստանի և Սլովակիայի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության մասին:
Նախարար Լայչակն արդեն 4-րդ անգամ է այցելում Հայաստան: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իրենց հանդիպումները թե Երևանում, թե Բրատիսլավայում, թե բազմակողմ միջազգային միջոցառումների շրջանակներում անցնում են ամբողջական փոխըմբռնման թնոլորտում:
Այսօր կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հարցերի բավավականին լայն շրջանակի շուրջ` ինչպես երկկոողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց այցի շրջանակներում նախօրեին կայացած բիզնես-համաժողովը, որը կարող է խթանել մեծ ներուժ պարունակող երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը:
Իր հերթին Միրոսլավ Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Այս հատեքստում նա հայտնեց, որ սլովակյան պատվիրակության կազմում կան գործարար շրջանակների շահագրգիռ ներկայացուցիչներ։

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է և Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:  Մոտակա օրերին Բրյուսելում կստորագրվի հետընդունման մասին համաձայնագիրը, ավելի վաղ կնքվել են մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս երկու փաստաթղթերը հիմք են հանդիսանում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ հետագա բանակցությունների համար, ընդգծեց հայ նախարարը։

Նպա սլովակ պաշտոնակիցը կարևորեց նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հաջող անցկացումը, համոզմունք հայտնելով, որ Հայաստանը մաս կկազմի այդ հաջողության:

Զրուցակիցները չէին կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը և Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գործընկերոջը առկա իրավիճակը և հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը:

Պատասխանելով  լրագրողների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Միջազգային հանրությունը բազմիցս հայտնել է իր սկզբունքային դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ինչը համընկնում է Հայաստանի դիրքորոշման հետ:
Ըստ Նալբանդյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ խնդրի կարգավորման հարցերը շաղկապելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին: Կարող է տպավորություն ստեղծվել, որ թուրքական կողմը միտումնավոր փորձում է շաղկապել հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան կարգավորումը` խանգարելով միջազգային հանրության եւ Հայաստանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեղ ջանքերին, նշեց արտգործնախարարի պաշտոնակատարը։

Ցուցադրել ավելի
Back to top button