Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին չհաջողվեց անցնել Բաղրամյանով (ֆոտոշարք)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին այսօր չհաջողվեց Ծիծեռնակաբերդ բարձրանալ Բաղրամյան պողոտայով, ինչը նախատեսել էին անել։ Պողոտայի սկզբնամասում ոստիկանները նրանց թույլ չեն տվել մտնել Բաղրամյան։ Այժմ պողոտան փակ է:
Ժառանգության երթի մասնակիցները Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում են խմբված, մի մասն էլ շարժվել է Սարյան փողոցով` դեպի Ծիծեռնակաբերդ:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։

«ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:

ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, և իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները և հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:

Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:

Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, և նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button