ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը (լրացված)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պաշտոնը ստանձնելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է իր առաջին հրամանագիրը՝ ընդունելով կառավարության հրաժարականը: Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել նախագահի նստավայրում: Մինչ այդ, Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ներկայացրել կառավարության հրաժարականը: Նախագահն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել կառավարության անդամներից, ընդունել կառավարության հրաժարականը՝ միաժամանակ վարչապետին ու նախարարներին խնդրելով շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Ապրիլի 9-ը Հայաստանի նորանկախ պատմության մեջ նշանավորվեց Երրորդ նախագահի երդմնակալությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնեց երկրորդ անգամ: Ո՞րն է լինելու հաջորդ քայլն ըստ Մայր օրենքի՝ Սահմանադրության, խնդրեցինք պարզաբանել սահմանադրագետ Բագրատ Ղազիրյանին. «Ըստ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի, որը կարգավորում է Կառավարության գործընթացը, սահմանում է, որ հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու օրը ընդունում է կառավարության հրաժարականը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարակական ներկայացրեց նախագահի նստավայրում:Մինչ այդ, Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին.«Մեզ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատել, և ցանկացած պետական, քաղաքական գործչի համար, ծառայել սեփական ժողովրդին, բարձր պաշտոններում, իհարկե, մեծ պատասխանատվություն է, և մեծ երջանկություն: Եվ ես ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում Ձեր քաղաքական ղեկավարության ներքո մեր թիմը նվիրական կերպով փորձելէ կատարել ձեր կողմից դրված խնդիրները: Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, մենք ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաև բացթողումներ և սխալներ: Պարոն նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է, և ձեր անցած ուղին, ձեր փորձը , ձեր գիտելքիները, մարդկային հատկանիշները, այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է: Եվ մենք ունենալու ենք նոր վերելքներ և նոր հաղթանակներ»:

Այսպիսով, Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական ներկայացրեց երկրորդ անգամ ,առաջինը 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, և այսօր՝ հանրապետության նախագահի երդմնակալությունից հետո
«Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2013թ ապրիլի ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, ներկայացվում է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան»:

Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց շուրջ 2,5 ժամ հետո ստորագրեց իր առաջին հրամանագիրը՝ ընդունելով կառավարության հրաժարականը: Նա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ ընդգծելով. «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի ստվար զանգված դժգոհ է մեր աշխատանքից,բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում, լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դուք դիմագրավել եք մարտահրավերներին, և դա ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին, և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև ձեր խոր ծերություն, որովհետև կոչումը ծառայել ժամանակավոր չի լինում, որովհետև ծառայել Ձեզ համար, մեզ բոլորիս համար , նշանակում է ապրել: Շնորհակալ եմ և ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի, անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: մեկ անգամ ևս շնրոհակալություն եմ հայտնում Ձեզ, և հաջողություն եմ մաղթում: Ես հիմա ձեր ներկայությամբ ստորագրում եմ հրամանագիր, որով որոշում եմ ընդունել ՀՀ կառավարության հրաժարականը, և ՀՀ կառավարության անդամներին խնդրում եմ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»:

Կառավարության այս կազմը Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ արդեն ժամանակավոր պաշտոնակատարներ են: Տեղեկացնենք, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Ցուցադրել ավելի
Back to top button