ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան խնդիրը ՀՀ առաջնահերթություն. խնդրի մասին ՄԽ- ն, ԱՄՆ- ը եւ ԵՄ- ն

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրն է, այսօր պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չ»,- ստանձնելով առաջիկա հինգ տարվա նախագահությունը հստակեցրեց Սերժ Սարգսյանը՝ նշելով նաև, որ «մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի»։

Նախագահ Սարգսյանի ձևակերպումը զուտ խոսքեր չեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքում այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ երկու այցի ընթացքում տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են անվտանգության հետ կապված վերջին միջադեպերը և շփման գծի երկայնքով կյանքի որակի հարցը: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել արտգործնախարարների հանդիպում:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ երկու երկրների նախագահների հետ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ օդանավակայանից ինքնաթիռների թռիչքի հարցը: Նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը խաղաղ գործընթացին ու վստահեցրել ամենաբարձր մակարդակով շփումներ շարունակելու պատրաստակամությունը:

Ուժի սպառնալիքից զերծ մնալու կոչ է այսօր արել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը։ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատանքը շարունակելու գործընթացին և խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք հավատում ենք, որ ուժի կիրառումը հակամարտության լուծման տարբերակ չի կարող լինել, և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի սպառնալիքի կիրառումից», — ասել է Վենթրելը։

Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու անհրաժեշտության մասին է այսօր խոսել նաև Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Բացի դա՝ ֆյուլեն նշել է, որ կարևոր  է, որ կողմերը զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը:
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը չի ընդունում երկու կողմերին արվող հայտարարությունները: Հրադադարի ռեժիմը որպես կանոն խախտում է ադրբեջանական կողմը, ասաց քաղաքագետը:

Հայկական կողմը չի խախտում հրադադարի ռեժիմը, սակայն Հայաստանի ԶՈՒ-ն ունակ է հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին, նշեց նա՝ արձանագրելով, որ այս տարվա ընթացքում ռեժիմի խախտումները մեծ մասամբ պայմանավորված են ներքին խնդիրներից Ադրբեջանի հասարակության ուշադրությունը շեղելու հանգամանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button