ԿարևորՔաղաքական

ՀՀ երրորդ նախագահ.«Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր սպասելիքները»

Քիչ առաջ Հայաստանում կայացավ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Սա Հայաստանում երդմնակալության վեցերորդ արարողությունն էր: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում այդ կապակցությամբ հրավիրված Ազգային Ժողովի հատուկ նիստի ընթացքում: Երդմնակալության արարողությունից անմիջապես առաջ Մարզահամերգային համալիր էին տեղափոխվել երկրի պետական խորհրդանիշները` Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշը, Սահմանադրության բնօրինակն ու Ավետարանը: Ի դեպ, ասենք, որ այս արարողության ընթացքում օգտագործվել է նոր խորհրդանիշ` նախագահական իշխանության նշանը, որը հաստատվել է նախագահի` ապրիլի 5-ի հրամանագրով: Դա սկավառակ է, որի կենտրոնում հանրապետության զինանշան է, ցորենի հասկեր եւ «Հայաստանի հանրապետություն» գրառումը: Սերժ Սարգսյանի կողմից երդման տեքստի ընթերցումից հետո նորընտիր նախագահին հայրապետական իր մաղթանքն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Վեհափառի հայրապետական մաղթանքից հետո ներկաներին ուղղված ելույթով է հանդես եկել հանրապետության արդեն պաշտոնապես 3-րդ նախագահը:

Երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը, 2008-ին ձեւավորված ավանդույթի համաձայն, կայցելի Եռաբլուր պանթեոն: Աստեղ նրան ուղեկցելու են «Փոքր ՄՀեր» եւ «Մոնթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանների լավագույն կուրսանտները: Սերժ Սարգսյանը ծաղիկներ կդնի Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Առաջին անգամ կտրվի հրետանային համազարկ: Ազգային հերոսների հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա նախագահի նստավայր, որտեղ ռազմական շքերթից հետո կընդունի կառավարության հրաժարականը:

 

Back to top button