ԿարևորՔաղաքական

Կարեւորագույն իրադարձություն պետականության կյանքում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Անկախ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը ստանձնում է երկրորդ պաշտոնավարման շրջանը: Կարեւորագույն իրադարձություն հայոց պետականության կյանքում` ԱԺ հատուկ նիստին հրավիրվածների հետ զրույցներում այս միտքը հիմնականներից էր, որ նշում էին «Ռադիոլուրի» զրուցակիցները:

Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ թեպետ իրենց կուսակցության ղեկավարը հանրապետությունում չէ, ինչի պատճառով չի մասնակցում երդմնակալությանը, սակայն ԲՀԿ ներկայացուցիչները արարողությանը ներկա են:

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էլ շեշտեց, որ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր Հայաստանում են եւ չունեն անհետաձգելի գործեր, մասնակցում են ԱԺ հատուկ նիստին:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, թե որպես Հայաստանի քաղաքացի հպարտությամբ, պատասխանատվությամբ ու տոնական տրամադրությամբ է մասնակցում ԱԺ հատուկ նիստին: Պետական կարեւորագույն միջոցառում, որին մասնակցելը պատիվ է, միաժամանակ` պարտավորեցնող, ասաց։
Հանրապետական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի ձեւակերպմամբ` օրվա զգացողություններն առանձնահատուկ են, ոչ սովորական, քանի որ յուրաքանչյուր  ժողովրդավարական երկրի համար առանցքային է ընտրված նախագահի երդմնակալությունը։
ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ համոզմունք հայտնեց, որ առաջիկա 4-5 տարիները շատ կարեւոր են լինելու Հայաստանի համար։

ՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանի ձեւակերպմամբ` կարելի է տարաբեւեռ կարծիքներ ունենալ, սակայն պետք է հարգել պետությունն ու պետական արարողակարգը եւ այս առումով ինքը բացասական է գնահատում ընդդիմության քայլերը` դրանք որակելով անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ:
Պետականությունն ամենամեծ մշակույթն է եւ նորանկախ պետականությունը մեր դարավոր երազանքը, նկատեց Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը` ընդդիմության քայը «անհեթեթություն» որակելով։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահ է` իշխանություններից լավ առկա խնդիրների մասին որեւէ մեկը չգիտե եւ լուծումները` նույնպես։ Ինչ վերաբերում է ընդդիմության նախաձեռնությանը` արդարադատության նախարարի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը պարզապես ավելի շատ քաղաքական պայքարի ձեւ են: Նա հիշեցրեց, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել եւ հույս հայտնեց, որ ընդդիմությունն իր քայլերում դուրս չի գա օրենքի շրջանակներից:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակիցներից ՖԻԴԵԻ ղեկավար Կիրսան Իլյումժինովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր խոսքն ու շնորհավորանքները  փոխանցում է շախմատի համաշխարհային հանրության անունից:
Հայաաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին շատ բան է արել Հայաստանի եւ Հայաստանում շախմատի զարգացման համար, նկատեց համաշխարհային հեղինակավոր շախմատային կազմակերպության նախագահը։

«Շախմատի զարգացման հարցում Սերժ Ազատի Սարգսյանը առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ ՖԻԴԵ-ում: Նա մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել Հայաստանում շախմատի զարգացման, հատկապես այս առումով ապագա սերունդների համար»:

ՖԻԴԵԻ նախագահի խոսքով` երկու ամիս առաջ, երբ նախագահական խորհրդի նիստ էին գումարել, արձանագրել են այն մեծ բարեփոխումները, որոնք իրականացվել են Հայաստանում` Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Ժամանակաշրջան, երբ Հայաստանը վերականգնեց նաեւ շախմատային գերտերության իր համբավը:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին էլ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի հետ մի շարք տնտեսական եւ էներգետիկ ծրագրեր են իրականացվում եւ ինքը հուսով է, որ ընթացքի մեջ եղող եւ սկսվելիք ծրագրորը առաջիկա 5 տարիներին կյանքի կկոչվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button