Տնտեսական

Թուրք գործարար կանայք կարեւորում են սահմանի բացումը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Վերջին 2 օրերին Երեւանում քսանհինգ հայ եւ շուրջ 3 տասնյակ թուրք գործարար կանայք քննարկում էին դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարեւան երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ առեւտրատնտեսական ծրագրերի խթանման հարցեր: Ֆորումին մասնակցող կին գործարարները ներկայացրել են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջություն, բժշկական կոսմետոլոգիա, հրուշակեղենի, կաթնամթերքի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչև շինարարություն և շինանյութերի արտադրություն:
Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը երկկողմանի կապերի զարգացման համար անխուսափելի է համարում Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերագործարկումը: Նա ընդգծեց, որ իրենք` թուրք գործարար կանայք, իրենց  հերթին ջանքեր են ներդնում երկաթուղու բացման համար և այդ խնդրով արդեն դիմել են Թուրքիայի վարչապետին ու նախագահին:
Թուրք գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը կարևորում է  հայ-թուրքական սահմանի բացումը առևտրի խթանման նպատակով: Նրա համոզմամբ` փակ սահմանների առաջ բերած դժվարությունները հաղթահարելի են,  իսկ առևտրի հնարավոր համատեղ ոլորտներն` անսահմանափակ:
«
Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և շատ ընդհանուր բաներ ունեն: Մեր կարծիքով` առևտրային երկկողմ համագործակցությունը կարող է հաջող լինել:Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային ու բարիդրացիական հարաբերությունների ստեղծման հարցում շատ կարևոր է սահմանի բացումը»,- ասաց նա։
Սակայն նկատենք, որ մինչ թուրքական գործարար շրջանակներում խոսում են Հայաստանի հետ մասնավորապես առեւտրային կապեր հաստատելու նպատակահարմարության մասին, նույն այդ երկրի իշխանությունները, շեղվելով ձեռք բերված նախապայմանավորվածություններից, չեղյալ են հայտարարում Երեւան-Վան չվերթի իրականացման ծրագիրը:
Ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փաստել էր, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հարցում ավելի շահագրգռված են Արեւելյան Թուրքիայի կամ պատմական Արեւմտյան Հայաստանի գործարարները` Վանից, Ղարսից, Դիաբեքիրից, Էրզրումից, որոնց հետ արդեն մի քանի գործարար ֆորում է կազմակերպվել: Սակայն դրան զուգահեռ թուրքական կողմի պաշտոնական դիրքորոշումը, համադրվելով ադրբեջանական անհավասարակշիռ վարքին, դեռ ավելի է կարծրանում։

Ցուցադրել ավելի
Back to top button