ԿարևորՔաղաքական

Այսօր տեղի կունենա ՀՀ նախագահի պաշտոնակալության 6- րդ արարողությունը

 Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի երդմնակալության արարողություն կատարվել է 5 անգամ, 6 -րդ անգամ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն տեղի կունենա այսօր  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում։ Իսկ այժմ թերթելով նորանկախ Հայաստանի պատմության էջերը ներկայացնենք ՀՀ նախագահների երդմնակալության, ինչպես նաև աշխարհում գործող արարողակարգային և ժամանակագրային որոշ մանրամասներ:

 

1991 թվական: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը տեղի է ունեցել 1991-ի նոյեմբերի 11-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ Մելիք Ադամյանի նիստերի դահլիճում։ Այն ժամանակ մեր պետությունը դեռ չուներ Սահմանադրություն, և որոշում է կայացվում նախագահի երդումը կազմակերպել  ՀՀ պետականության խորհրդանիշ ընտրված  7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդվել է աջ ձեռքն Ավետարանին դրած:

1996 թվական: Նոյեմբեր 11- ին Լեւոն Տեր- Պետրոսյանը երկրորդ անգամ ստանձնեց  ՀՀ նախագահի պաշտոնը: Այս անգամ, սակայն, Հայաստանն արդեն ուներ Սահմանադրություն, եւ բնական է, որ նախագահը երդվեց արդեն Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության բնօրինակի առաջ:

1998 թվական։ Արտահերթ նախագահական ընտրություններից հետո ապրիլի 9-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում  տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը:

2003 թվական։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում երդվեց ապրիլի 9-ին` Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի մեծ դահլիճում:

2008 թվական։ ՀՀ  3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում երդմնակալոթւյան արարությունը տեղի ունեցավ ապրիլի 9- ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։

2013 թվական։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում երդման արարողությունը կանցկացի ապրիլի 9- ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդին տված երդման տեքստն ամրագրված է Սահմանադրությամբ։ «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: 

 

Շարունակելով նախագահների երդմնակալության արարողակարգային և ժամանակագրային մանրամասները՝ անդրադառնանք աշխարհում տեղի ունեցող կարգերին և պատմությանը:
Նախագահի երդման արարողությունը զուտ ամերիկյան հայտնագործություն է։ 

Այն արարողակարգային հետևյալ ընթացակարգն ունի:
Հունվարի 20-ի առավոտյան ավտոմեքենան, որի մեջ Միացյալ Նահանգների հեռացող եւ նորընտիր նախագահներն են լինում նստած`առաջինը աջից, երկրորդը՝ ձախից, մոտենում է Կապիտոլիումի շենքին և աստիճանների վրա, կոնգրեսականների եւ սենատորների ներկայությամբ, Գերագույն դատարանի նախագահն ընդունում է նորընտիր նախագահի երդումը։
Ձեռքը դնելով ընտանեկան Աստվածաշնչին` նախագահը կրկնում է երդման խոսքերը. «Հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները եւ ուժերիս ներածի չափով կպահեմ, կպահպանեմ ու կպաշտպանեմ ԱՄՆ Սահմանադրությունը։ Եւ թող օգնի ինձ Աստված»։
Այնուհետ նախագահական շքախումբը Կապիտոլիումից հանդիսավորապես շարժվում է դեպի Սպիտակ տուն` արդեն նոր նախագահը մեքենայի աջ կողմում նստած, իսկ հեռացողը՝ ձախ։
Եւ վերջապես՝ պաշտոնական արարողությունը եզրափակվում է շքերթով, որն ընդունում է նոր նախագահը Սպիտակ տան ամբիոնում կանգնած, ինչպես նաեւ մի քանի օր շարունակվող հրավառությամբ ու պարահանդեսներով։
Ի սկզբանե ԱՄՆ նախագահի ինաուգուրացիան համեստ ու կարճատեւ արարողություն է եղել։ Սահմանադրությամբ ամրագրավ ծես է եղել միայն երդում, մնացյալը հորինել են միմյանց հաջորդած նախագահները։
Ի դեպ՝ նորամուծությունների մեծ մասը պատկանում է Ջորջ Վաշինգտոնին։ Նա երդվել է իր ընտանեկան Աստվածաշնչի վրա, կրկնելով երդման խոսքերը հանպատրաստից արտաբերել. «Եւ թող օգնի ինձ Աստված»։
Լատինական Ամերիկայի երկրներում նախագահի պաշտոնակալման ծիսակարգերը կազմակերպում են միանման ձեւով, որն անչափ հիշեցնում է ամերիկյանին։
Օրինակ՝ Բոլիվիայում երդման արարողությունը տեղի է ունենում Ազգային ժողովի շենքում` պատասխանատվությունը ստանձնող և հեռացող նախագահների ու փոխնախագահների մասնակցոթյամբ։
Ի դեպ՝ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում սահմանադրությամբ առանձնահատուկ վերապահում է սահմանված նախագահի դավանանքի հարցում: Նախագահը, համաձայն իր դավանանքի, կարող է երդվել Աստվածաշնչի, Ղուրանի կամ ուղղափառ Ավետարանի վրա, թեպետ Լատինական Ամերիկայի ոչ մի երկրում Ղուրանն ու Ավետարանը առայժմ չեն օգտագործվել։
Ասիայում նույնպես նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունները միանման են՝ ասել է թե ինչ որ չափով  ընդօրինակված է ամերիկյան մոդելից:
Արեւմտյան Եվրոպայի երկրների համար որպես օրինակ ընդունված է ոչ թե ամերիկյան, այլ ֆրանսիական տարբերակը՝ լիազորությունների փոխանցման ընդգծված համեստ արարողությունը։
Ֆրանսիայի նորընտիր նախագահը ժամանում է Ելիսեյան պալատ՝ նախագահի պաշտոնական նստավայր։ Բակի ողջ երկայնքով ձգվող կարմիր գորգի վրայով նորընտիր նախագահը մոտենում է պալատի աստիճաններին, որտեղ նրան արդեն սպասում է հեռացող նախագահը։ Նա անձամբ է ուղեկցում իր իրավահաջորդին պալատական հարկաբաժիններ։
Առանձնազրույցից հետո երկուսն էլ դուրս են գալիս, որից հետո նորընտիր նախագահն է ուղեկցում հեռացողին։ Միայն այն բանից հետո, երբ վերջինս լքում է պալատը, Սահմանադրական խորհրդի ղեկավարը հայտարարում է ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Պատվո լեգեոնի օրդենի մեծ կանցլերը նորընտիր  նախագահին է հանձնում նախագահական տարբերանշանները՝ «Մեծ խաչը» եւ շղթան:
Աֆրիկայում  նախագահների ինաուգուրացիան բավական հազվադեպ արարողություն է. պարզապես պետության ղեկավարներն այնտեղ փոխվում են կա՛մ չափազանց հազվադեպ, կա՛մ էլ հակառակը՝ չափազանց հաճախակի: Նման երկրներում գործում են գրեթե նույն արարողակարգերը՝ բավական հակիրճ, թեպետ՝ գունագեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button