Հասարակություն

«Մեր տան» 10- րդ հարսնացուն

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Էջմիածին

Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում ապրող Գավառի մանկատան աղջիկներին ճակատագիրը ժպտում է, նրանք ստեղծում են իրենց ընտանիքը, դառնում մայրեր, իրենց ընտանիքի ամուր հենասյունը, որն ավելի է ամրանում փոխադարձ սիրո ու հարգանքի հիման վրա:

«Մեր տան» 10- րդ աղջիկը հարսնացավ և քողը գլխին դուրս եկավ` իր հետ տանելով 6 տարվա ընթացքում ձեռք բերած ընտանեկան ջերմությունը:

Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Անի Ծառուկյանի ու Հայկազ Խաչատրյանի պսակադրությունը։ Երիտասարդը զինվորական ծառայությունն անցկացնելով Էջմիածնի զորամասում, հանդիպել է երբեմնի մանկատան աղջկան և կնության վերցրել:

Ապրելով մեր տանը՝ Գավառի մանկատան աղջիկները ստանում են այն ամենը, ինչը կարող էին սովորել ու ստանալ սեփական ընտանիքում: Մանկության փշրված երազներն իմի են բերվում չափահաս տարիքում և աստիճանաբար իրականություն դառնում: Դաստիարակ Գայանե Գալստյանը նշեց, որ աղջիկները լիովին պատրաստ են նոր ընտանիք մտնել ու ստեղծել իրենցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը հավաստիացրեց, որ մանկատան սաների համար պետությունը իրականացնում է «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» համալիր ծրագիր և համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ կազմակերպվում է նրանց հետագա կյանքը:
Սոցիալական բնակրանային քաղաքականության իրականացման շնորհիվ մանկատան երեխաներ համար տարբեր մարզերում կառուցվում է բնակարաններ, որոնք արդեն տրվել են շահառուներին Մարալիկում, Ստեփանավանում, Ծաղկահովիտում:
Յուրաքանչյուր հարսնացած աղջկա «Մեր տնից» հուզմունքով են ճանապարհում, և ընդունում գրկաբաց: Աղջիկներն ու մանկավարժները մտերմանում են մեկ ընտանիքի անդամների նման: Լիլիթ Ավետիսյանն ու Մերի Շահինյանը հոգու մանրաթելերով են կապվել մեր տանը, Տիգրանուհուն համարում են որպես մայր, աղջիկներին` քույրեր: Նրանք իրենց կյանքի բացերը լրացրել են «Մեր տանը», որտեղից էլ շարունակում են ապագան։
«Մեր տուն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը հոգատարությամբ է վերաբերում աղջիկներին և նրանց ամուսնացնում մայրական գորովանքով:
Շնորհավորանքներ, բարեմաղթանքներ բոլոր նրանց կողմից, ովքեր մշտապես այցելում են «Մեր տուն» և աջակցում նրանց: Լավագույն բարեկամն է նաև Անի Քոչարը, որը, ներկա գտնվելով յուրաքանչյուր իրադարձությանը, քաջածանոթ է աղջիկների առօրյային։

«Հաճելի ջերմ մթնոլորտը շատ կարևոր է աղջիկների համար: Ես խոնարհվում եմ այս կոլեկտիվի առջև, ովքեր կրթել ու դաստիարակել են նրանց, որոնք չունենալով կենսաբանական մայրեր իրենք կարողանում են դառնալ լավ մայրեր, օրինակելի կանայք: Շնորհավորում եմ»։
Աղջիկներին ամուսնացնում են հայկական ավանդույթների պահպանմամբ, հարսանեկան նվերներով, օժիտով: Ամուսնացածների տեղը կհամալրվի Գավառի ու Վանաձորի մանկատան նոր շրջանավարտներով: Մայիս ամսին «Մեր տան» նոր բնակիչ կդառնա եւ 5 աղջիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button