Տնտեսական

Մեկնարկել է հայ և թուրք գործարար կանանց ֆորումը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է եւ վաղը կշարունակվի «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորումը, որը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության «Ւ-Դի-Էմ-Սի» ծրագիրը և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը:

Ֆորումի նպատակն է թուրք գործարար կանանց ծանոթացնել Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին, ընկերությունների գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև նրանց գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել` երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար:

Ֆորումին մասնակցում են քսանհինգ հայ կին գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչև շինարարություն և շինանյութերի արտադրություն: Թուրքական կողմից միջոցառմանը մասնակցում են երեսուն կին գործարարներ՝ զբոսաշրջության, բժշկության, շինարարության, ապրանքների փաթեթավորման, կաթնամթերքի արտադրության և բեռնափոխադրումների ոլորտներից:

Այսօր` Ֆորումի առաջին օրը անցկացվել է նաև ցուցահանդես, որի շրջանակներում  հայ և թուրք գործարար կանայք ներկայացրել են իրենց արտադրանքը:  Ֆորումի երկրորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերը, ինչպես նաև կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button