

Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը «ցեղասպանություն» որակելը հնարավոր է վնասի Կանադայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, սակայն Մարդու իրավունքների կանադական թանգարանը չի պատրաստվում 1.5 մլն մարդկանց կոտորածն այլ կերպ որակել, քան՝ ցեղասպանություն, գրում է Winnipeg Free Press օրաթերթը։
Երբ հաջորդ տարի թանգարանը բացվի, ապա հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ պարունակող սրահը անվանվելու է «Ցեղասպանության», ասել է թանգարանի ներկայացուցիչ Քլինթ Քերլը։
Սա Կանադայում Թուրքիա դեսպան Թանջայ Բաբալիի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի Քերլի պատասխանն է։
Թուրք դիվանագետը հայտարարել էր, որ հավատում է երկու երկրների ներուժին, սակայն ցեղասպանության ճանաչումը խոչընդոտում է առեւտրային հարաբերություններին։
«Չի կարող լինել գործարարություն, երբ ազգին մեղադրում ես ցեղասպանության մեջ։ Սա լուրջ մեղադրանք է։ Դա պետք է պատմականորեն, իրավականորեն հիմնավորվի»,- ասել էր դեսպան Բաբալին։