ԿարևորՔաղաքական

Խորհրդարանական ուժերից 3-ը հայտարարել են, որ չեն մասնակցի վաղը կայանալիք հատուկ նիստին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքները, որն այնքան էլ սովորական չէ խորհրդարանի համար: Վաղը ՝ քառօրյայի երկրորդ օրը խորհրդարանը հատուկ նիստ է գումարելու : Մարտի 20-ին ընդունած որոշման համաձայն՝ ապրիլի 8-ից 11-ի չորսօրյա նիստերի երկրորդ օրը՝ ապրիլի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվելու է Ազգային ժողովի միայն մեկ նիստ , որի օրակարգում ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունն է: ԱԺ աշխատակազմն այսօր զբաղված է եղել նիստի նախապատրաստական աշխատանքներով, քաղաքական ուժերը պարզաբանել են իրենց մտադրությունները: Հատուկ նիստի նախօրեին լրագրողների հետ զրուցել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանական ուժերից 3-ը հայտարարել են , որ չեն մասնակցի վաղը կայանալիք հատուկ նիստին: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այս մասին հայտարարել էին ավելի վաղ, քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև ՀՅԴ -ն: Տեղեկացնելով, որ խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ նախագահի երդման արարողությանը, դաշնակցությունը նաև հայտարարում է , որ «արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից  քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք»:

Ամենաանորոշը ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն է:«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները հայտարարում են, որ հարցը չեն քննարկել և մասնակցելու վերաբեյալ հստակ որոշում չունեն:
«Պետք է ասեմ, որ որևէ քննարկում ԲՀԿ-ն այդ հարցի վերաբերյալ չի ունեցել, հետևաբար չունի նաև որոշում»,- «Ռադիոլուրին» ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Հատուկ նիստի նախօրեին լրագրողներին որոշ պարզաբանումներ է տվել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Չմասնակցողների հարցը մեկնաբանել նա չի ցանկացել: Գտնում եմ, որ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին՝ ասել է խորհրդարանի խոսնակը, նաև տեղեկացրել, որ նիստին մասնակցելու է մոտ 2000 հրավիրյալ , այդ թվում 60 օտարեկրյա պատվիրակություն:

ԱԺ նախագահը խոսել է նաև խորհրդարանում սկսված և տապալված բանակցությունների մասին, որոնց նպատակը հետընտրական իրավիճակի քննարկման ձևաչափ գտնելն էր:

«Ուզում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը համագործակցեն: Դա իմ ցանկությունն է: Ես առաջարկեցի արտահերթ նիստ հրավիրել, բայց այնպիսի առաջարկներ ներկայացրին, որ մեզ համ,ար անընդունելի է: Ես չեմ կարող մի հարց քննարկել, որը մեր Սահմանադրությանը հակասում է, օրինակ նախագահական կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:

Ցուցադրել ավելի
Back to top button