

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքները, որն այնքան էլ սովորական չէ խորհրդարանի համար: Վաղը՝ քառօրյայի երկրորդ օրը խորհրդարանը հատուկ նիստ է գումարելու։
«Մարտի 20-ին ընդունած որոշման համաձայն՝ ապրիլի 8-ից 11-ի չորսօրյա նիստերի երկրորդ օրը՝ ապրիլի 9-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվելու է Ազգային ժողովի միայն մեկ ՝ ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ»,- խորհրդարանական օրվա մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին հետաքրքում էր, թե մարզահամերգայինի որ դահլիճում է նիստը կայանալու և ովքեր են հրավիրված:
Թե որտեղ է հատուկ նիստը հրավիրվելու, խորհրդարանը, ըստ Հովիկ Աբրահամյանի որոշել է մարտի 20-ին, իսկ թե ովքեր են մասնակցելու, ԱԺ նախագահը խորհրդարանի ամբիոնից չմանրամասնեց:
«Կարող եք դիմել ԱԺ աշխատակազմ, և ցանկը ձեզ կներկայացնեն»,- հայտարարեց խոսնակը։
Սրանից մի քանի ժամ անց խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված ցանկի համաձայն՝ նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սագսյանի՝ ապրիլի 9-ի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը կմասնակցեն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարի տեղակալը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահի առաջին տեղակալը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակը , Բուխարեստի քաղաքապետը, Լիբանանի պետնախարարը, Իրանի արտգործնախարարը, Վրաստանի մշակույթի նախարարը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հյաստանում հավատարմադրված դեսպաններ: Հրավիրյալների ընդհանուր թիվը 2000 է, օտարերկրյա պատվիրակություններինը՝ մոտ 60:
Փոխարենը՝ խորհրդարանական 6 ուժերից երեքն արդեն հայտարարել են վաղը կայանալիք հատուկ նիստին չմասնակցելու մտադրության մասին: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ավելի վաղ են դա արել, ՀՅԴ-ն դրա մասին հայտարարել է այսօր:
Հատուկ այս նպատակով տարածած հայտարարությամբ դաշնակցությունը տեղեկացնում է, որ խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ նախագահի երդման արարողությանը, նաև հայտարարում է , որ «արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք»:
Ամենաանորոշը ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն է: «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները հայտարարում են, որ հարցը չեն քննարկել և մասնակցելու վերաբեյալ հստակ որոշում չունեն:
«ԲՀԿ-ն որոշում չունի, քննարկում չի եղել», այսպես շատ հակիրճ տեղեկացնում է խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանը: Իսկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես տարակուսում, թե ինչու է ԲՀԿ մասնակցության հարցը հետաքրքրության առարկա դարձել:
« Ինձ համար հասկանալի չէ ԱԺ աշխատանքներին մասնակցելու –չմասնակացելու հարցի շուրջ նման աժիոտաժը: Ռուստամյանի նման պատասխանեմ՝ օրը կգա, բարին հետը»:
Հատուկ նիստին «Ժառանգության» չմասնակցելը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով, առավել քան տրամաբանական է:
«Մենք չենք զարմանում, որ վաղվա նիստին չենք մասնակցելու, քանի որ վաղը լինելու ենք Ազատության հրապարակում»:
Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակում նույնպես երդմնակալության արարողություն է լինելու: Ո՞ւմ է սպասում «Ժառանգությունը» Ազատության հրապարակում :
«Չէ, մենք կոնկրետ հրավերներ չենք ուղարկել։ Ինչպես որևէ հանրահավաքի, այնպես էլ վաղը կլինեն նրանք, ովքեր կցանկանան այնտեղ լինել»:
Արդյո՞ք Ազատության հրապարակ կգնան այն ուժերը, որոնք հայտարարել են, որ չեն մասնացելու ԱԺ հատուկ նիստին:
«Ես չգիտեմ՝ նրանք կգան, թե՝ ոչ , բայց ես նրանց սպասելու եմ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը։
Թեմային այսօր խորհրդարանական օրվա ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Չմասնակցողների մասին խոսել նա չցանկացավ, կանխատեսումներ անել եւս, ասաց, որ չի ցանկանում, հետևություններ կանի ապրիլի 9-ից հետո, նշեց նաև, որ իր համոզմամբ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին:
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելը, խորհրդարանի խոսնակի կարծիքով, անլուրջ քայլ է, իսկ երկխոսության հնարավորությունները սպառված չեն՝ ողջամտության սահմաններում:
«Ես առաջարկեցի արտահերթ նիստ հրավիրել, բայց այնպիսի առաջարկներ ներկայացրին, որ մեզ համար անընդունելի է: Ես չեմ կարող մի հարց քննարկել, որը մեր Սահմանադրությանը հակասում է, օրինակ՝ նախագահական կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։