Մշակույթ

Մեկնարկում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

 Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ապրիլի 6-13-ը Երևանում կանցկացվի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այն այս տարի նվիրվելու է վերջերս անժամանակ կյանքից հեռացած, փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է Անջեյ Ժուրովսկու մշակած «Շեյլոկ» սցենարի հիման վրա Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված «Պարզապես Շեյլոկ» ներկայացումը:

Փառատոնին իր Շեքսպիրյան մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացմամբ հանդես է գալու աշխարհի հեղինակավոր Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան:
Ներկայացվելու է նաև Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» կատակերգությունը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Կոպիլովի բեմադրությամբ, ինչպես նաև Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնի «Օթելլո» իտալա-ֆրանսիական ներկայացումը:
Փառատոնի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Ինչպես նշեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը` իրենք շատ են կարևորում  միջազգային փառատոների դերը, մասնավորապես՝ շեքսպիրյան, քանի որ Շեքսպիրն իր թեմատիկայով արդիական է, մշտապես ներկայացվում է նորվի, մշտապես ունի ասելիք:

Հավատարիմ մնալով իր արմատներին` Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաև մոնո ներկայացումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button