Հասարակություն

Հայաստանում սողանքային իրավիճակը վատթարանում է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ապրիլի առաջին կիրակին նշվում է Երկրաբանի օրը: Հայաստանը, ըստ երկրաբան Ռուբեն Յադոյանի,  գտնվում  է տարբեր ակտիվության սողանքային գոտում: Վերջինիս տեղեկություններով՝ Հայաստանում այսօր 3500 սողանքային գոտիներ կան, որոնցից 300-ը առավել վտանգավոր են` մոտ են բնակավայրերին և ճանապարհներին: Այսօրինակ սողանքներ կան Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Վերջին 20 տարվա մեջ սողանքների վերացման համար ավելի շատ գումարներ են ծախսվել, քան սողանքային իրավիճակը կանխարգելելու համար: Ավելին՝ ոչ մի գումար դրա համար չի տրվում, ասում է  երկրաբան Ռուբեն Յադոյանը:

Շատ հաճախ անգրագետ են կատարվում շինարարական աշխատանքները` ակտիվացնելով սողանքային երևույթները: Պատճառը՝ յուրաքանչյուրն իրեն սողանքագետ է համարում։ Այսօր ռեալ ոչինչ չի արվում, խոստովանեց Յադոյանը:
Կան հակասողանքային միջոցառումներ և նոր մեթոդներ, սակայն չկա գումար, այնինչ՝ սողանքային երևույթները գնալով ավելի վտանգավոր ու ծավալուն են դառնալու:

Երկրաբան Ռուբեն Յադոյանի խոսքով` Երևանի երկրաբանական կառուցվածքը շատ բարդ է: Մայրաքաղաքի կառուցապատման համար շատ զգույշ պետք է լինել,  սակայն վերջին 20 տարում ով որտեղ ինչ ուզեց կառուցեց:

«Նոր կառուցված շենքերի 90 տոկոսը վտանգավոր են։ Գեղեցկությունը, փառք Աստծո, իսկ հիմքերը՝ շատ թույլ են»,- նորակառույցների մասին նկատեց նա։
Մասնագետն առաջարկել է նորից վերանայել նոր բարձրահարկ շենքերի հիմքերը, իսկ մետրոյի կայարանները  կառուցելու ժամանակ օգուտից բացի վնասներ էլ են  տվել, ասում է: Առաջացել են դատարկություններ, ակայն  որտեղ և ինչքան, դեռ պետք է ուսումնասիրել, ասում է Ռուբեն Յադոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button