ԿարևորՄիջազգային

Թիֆլիսյան բաղնիքներն ու երիտասարդության գաղտնիքը

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Դարեր առաջ կառուցված թբիլիսյան հայտնի բաղնիքները այսօր էլ մարդաշատ են: Բազմաթիվ ընտանիքներ թեև իրենց տներում ունեն բաղնիքներ, միևնույն է՝ շարունակում են մեծերից մնացած ավանդույթը ու գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի այցելում են քաղաքի կենտրոնում գտնվող բաղնիքներ:
Իսկ այստեղ շատ բան է տարբերվում տնային բաղնիքներից, ամենակարևորը՝ մարդիկ այստեղ լողանում են ծծմբային ջրով, որը առողջարար հատկություն ունի:
Քաղաքի այս հատվածը, որ բուրում է ծծմբային ջրերի հոտով, հայտնի է «բաղնիքների թաղ» (վրացերեն աբանոտուբանի ) անվամբ, որտեղ ծծմբային աղբյուրները հայտանաբերվել են շատ դարեր առաջ: 

Մի լեգենդի համաձայն վրաց թագավոր Վախթանգ Գորգասալին որսորդության ժամանակ վիրավորում է փասիանին. թռչունն ընկնելով եփվում է տաք ջրում: Պարզվում է այդ տաք ջուրը ծծմբային էր, բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքն էլ բարենպաստ էր, ուստի և թագավորն այստեղ հիմնում է քաղաք` անվանելով Թբիլիսի, հենց «թբիլի» բառից, որը վրացերենից թարգմանաբար նշանակում է տաք։
Թբիլիսյան բաղնիքների մշտական հաճախորդներն են եղել նաև վրացի թագավորները։
«Սա թագավորական բաղնիքն է։ Այստեղ Իրակլի Երկրորդ թագավորն ունեցել է իր առանձին լողասենյակը: Մեր ժամանակակից թագավորներն էլ են այստեղ լողանում»,- պատմում է «Թագավորական» անվանումը կրող բաղնիքի մենեջեր Աշխենը։

«Մեր Միշան (Միխայիլ Սահակաշվիլին. խմբ) էլ է այստեղ լողացել։ Ճիշտ է՝ հիմա ավելի քիչ է գալիս, ժամանակ չունի, քաղաքականությամբ է զբաղված: Նրա ընկերը՝ Ուկրաինայի նախկին նախագահը (Վ. Յուշչենկոն. խմբ) ևս եղել է: Հայաստանի նախագահը չգիտես ինչու չի այցելել։ Վրացի օլիգարխններն էլ գիտեն այս բաղնիքների տեղը: Հայաստանցի օլիգարխներին դեևս չեմ հանդիպել»,- ասում է «Թագավորական» բաղնիքի մենեջերը՝ փորձելով հիշել, թե էլ ում է այստեղ ընդունել վերջին 20 տարիների ընթացքում։
«Բաղնիքների թաղում» բացի «Թագավորականից» կան նաև այլ բաղնիքներ: Դրանք ավելի վաղ կոչվում էին սեփականատերերի անուններով` Բեբութովների, Սումբաթովների, Օրբելյանների և այլն:
Պ
ուշկինն իր հիշողություններում գրել է. «Թբիլիսյան բաղնքիներից շքեղ ոչինչ չեմ տեսել»: 

Ավելի վաղ Թբիլիսյան բաղնիքները հանդիպման վայր էին, այստեղ էին որոշվում բազմաթիվ կարևոր հարցեր և բացի այդ, ինչպես վրացի ազգրագրագետ Վլադիմիր Կիկիլաշվիլին է նշում. «Կանանց բաղնիքներում տեղի էր ունենում հարսնատես. ամուսնացող աղջկան տանում էին բաղնիք, որտեղ միջնորդն ու փեսայի բարեկամուհիները պարզում էին, թե ինչ երկարության են նրա մարզերը (քանի որ նախկինում կանայք իրավունք չունեին մազերը բացել) , ինչպիսին են ոտքերը, կոճերը, գոտկատեղը և այլն։ Մի խոսքով՝ անցկացվում էր բժշկական զննում, իհարկե տալիս էին նաև հարցեր և այս ամենը մի ամբողջ մշակույթ էր»:
Եվ ահա հենց այստեղից էլ գալիս է ասացվածքը «և սևը, և սպիտակը բաղնիքում է հայտնաբերվում»:
Հիմա, իհարկե, շատ բան է փոխվել: Մարդիկ այսօր ավելի շատ այցելում են առողջարար համարվող ծծմբային ջրով լողանալու համար: Այդ ջուրն ինքնին այնքան տաք է, որ անհրաժեշտություն է լինում խառնել նաև սառը սովորական ջուր:
Ռուսատանցի մի զբոսաշրջիկ, որ թբիլիսյան բաղնիք է այցելել պապի խորհրդով, դուրս գալով ասաց, որ ուղղակի հիացած է. «Իրոք, բաղնիքդ անուշ։ Հիանալի էր, կարծես միանգամից ողջ մարմինս սկսեց թարմ շնչե»:
Թբիլիսահայ 83 -ամյա Ցացան իր թոշակից գումար է հատկացնում ու շաբաթը գոնե մեկ անգամ այստեղ լողանում: Նա օգտվում է միայն ընդհանուր բաղնքիներից, որովհետև դրանք անհամեմատ մատչելի են` 1 ժամը 2 լարի, մոտ 400 դրամ, իսկ առանձին լողասենյակների գինը սկսվում է 20 լարիից։
«Թեթևանում եմ, 20 տարեկան եմ դառնում: Այս բաղնիքն է ինձ ջահել պահում», — խոստովանում է զրուցակիցս, ով իրոք առույգ ու երիտասարդ տեսք ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button