ԿարևորՔաղաքական

Սոցցանցերում անկիրթ մթնոլորտ է. փորձագետները ավագանու ընտրությունների մասին

Կարեն Ղազարյան 

«Ռադիոլուր»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ` ոչ իշխանական եւ իշխանական քաղաքական ուժերի մոտեցումները Երեւանի ավագանու ընտրություններին միանգամայն տարբեր են։
Եթե ոչ իշխանական ուժերն ավագանու ընտրությունները դիտարկում են որպես համապետական նշանակության գործընթաց, ապա իշխանական ուժերի համար Երեւանի ավագանու ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություններ են եւ որեւէ համապետական գործընթաց չեն ենթադրում:

Փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով` ոչ իշխանական քաղաքական ուժերը Երեւանի ավագանու ընտրությունները ցանկանալու են օգտագործել որպես մի գործիք, որը կծառայի իշխանափոխությանը: Նրա խոսքով, սակայն, դա գիտակցելով իշխանական ուժերն ամեն կերպ խափանելու են այդ ծրագրերը։

Այդ կերպ, փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ, հանրապետականը ցանկանալու է ցույց տալ, որ «Բարեւի շարժումը» մարում է, որ ընդդիմությունը թույլ է: Փորձագետը կարծում է, որ այդ կերպ փորձ է արվելու կանխել նաեւ ընդդիմադիր դաշտի  հետագա ակտիվ գործընթացները:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ քարոզչություն դեռեւս չի սկսվել, այլ պարզապես շարունակվում է այն քարոզչությունը, որ մեկնարկել էր վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ անցել նախագահական ընտրություններ:
Դիտարկելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը` բլոգերը եզրահանգել է. «Սկսվել է սև փիարը, անդաստիարակ, անկիրթ մթնոլորտ է, որը գալիս է երկու կողմից էլ: ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի պայքարը դարձել է և´ ծիծաղելի, և´ արդեն հոգնեցնող»:

Բլոգերի ձեւակերպմամբ` ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում  Ֆեյսբուքում, որի լեզուն մտել  է լրատվական կայքեր և անցում է կատարվել ընտանիքի անդամներին։

«Դա, իհարկե անընդունելի է։ Կարծում եմ շարունակություն կունենա, և ոստիկանները շատ գործ կունենան ընտրությունների ընթացքում: Մյուս կողմից էլ՝ շատ հայտնի մարդիկ, որոնք ակտիվ էին Ֆեյսբուքում, դուրս են գալիս ցանցից»:

Բլոգերի գնահատմամբ՝ թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը ֆեյսբուքյան ակտիվությամբ փորձում են ապացուցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները դրանք նրա ձայները չեն, այլ` ընդդիմադիր, բողոքական զանգվածների ձայներն են:
Այս գործում, ըստ բլոգերի, կարելի է նկատել, որ բավականին մարդկային ու ֆինանսական ռեսուրս է ներդրված: Տիգրան Քոչարյանի ձեւակերպմամբ` այդ հարցով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ըստ էության, դարձել են գործընկերներ, միմյանց օգնում են:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, բլոգերի դիտարկմամբ, այս կուսակցությունը Ֆեյսբուքում առայժմ որպես առանձին կուսակցություն է ընդգծվում: Թե ինչ կլինի հետո` պարզ կդառնա ավագանու ընտրություններից հետո:

Բլոգերը կարծում է ճիշտ չէ Youtube-ում տարածել տեսանյութեր Երևանի զուտ բացասական կողմերի մասին։
«Պետք չէ հանուն մեկ ամսվա շահերի Հայաստանի և Երևանի դեմքը փչացնել, քանի որ դրանով հարվածում ենք ինքներս մեզ: Խնդիրներ կան յուրաքանչյուր քաղաքում»,- շեշտեց բլոգերը` հավելելով, որ  Երեւանը ներկայացվում է նաեւ զբոսաշրջիկներին։
Անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներին` բլոգերը նկատեց, որ հանրահավաքները սոցցանցերով նայողներն ու մեկնաբանողներն ավելի շատ են, քան՝ դրանց մասնակցողները: Տիգրան Քոչարյանը կարծում է, որ հանրահավաքները շարունակվելու են, քանի որ կա ընկալում` ընդդիմադիր ուժերից ով հանրահավաքներ է անցկացնում, նա էլ գլխավոր ընդդիմադիր ուժն է։

Back to top button