Երեւանի բյուջեով կկառուցվեն թեքահարթակներ


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Այս տարի առաջին անգամ Երևանի 2013թ. համայնքային բյուջեի հաշվին մայրաքաղաքի տարբեր փողոցներում 196 թեքահարթակ կկառուցվի: Այս ծրագրի համար նախատեսվում է ծախսել շուրջ 20 մլն դրամ:
Ընտ որում` կարևոր է, որ ծրագիրը կազմելիս և թեքահարթակների տեղերը որոշելիս հաշվի են առնվել հաշմանդամների շահերն ու իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների առաջարկները, այսօր ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Իրենք մեզ ուղեկցելով ցույց են տվել այն տեղերը, որտեղից առավել հաճախակի են օգտվում»,- նկատեց նա։
Կամո Արեյանի խոսքով` մայրաքաղաքում իրականացվելիք շինարարության, բարեկարգման, կանաչապատման ուղղություններից առավել ծախսատար են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ՝ իրականացվելու են 2, 5 միլիոն քառակուսի մետր ծավալով ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ, 30 փողոցում կատարվելու են կապիտալ նորոգման աշխատանքներ:
Ցանկը հաստատված է, շինարարական աշխատանքները` սկսված։
«Ընթացիկ նորոգում կիրականացվի 300 փողոցում»,- ասաց փոխքաղաքապետը։
Այս տարի շահագործման կհանձնվի մայրաքաղաքի ճանապարհային և տրանսպորտային խնդիրներ լուծող կարևորագույն երկու խոշոր օբյեկտ:
Կամուրջների նորոգման ցանկում ընդգրկվել է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող կամուրջը, ևս 8-ով համալրվելու են մայրաքաղաքի վերգետնյա անցումները։Մեկ այլ կարևոր ուղղության` չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդրի մասին: Փոխքաղաքապետի խոսքով` այս տարի անհետաձգելի քանդման ենթակա է տասը շենք՝ 485 բնակարանով: Դրանք հիմնականում բաժին են ընկնում մայրաքաղաքի Աջափնյակ և էրեբունի վարչական շրջաններին։
Ի դեպ՝ այդ տասը շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը, Երևանի փոխքաղաքապետի խոսքով, ներառված է Կառավարության միջնաժամկետ ծրագրերում։
«Իսկ Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսային ծրագրով այս տարի շահագործման կհանձնվի երկու բնակելի շենք՝ Մարգարյան 37 և Սիսակյան 22 հասցեներում, որոնք վթարային շենքերի բնակիչներին կապահովեն 226 բնակարանով: Ծրագիրը շարունակական է»։
Բարեկարգման ծրագրերը բազմաբնույթ են և ծավալուն` հրապարակների ասֆալտապատումից մինչև շենքերի պատշգամբների և ֆասադների թարմացում, կամարանցումների նորոգում, նկարազարդում և բակային տարածքների բարեկարգում:
Ուշադրության կենտրոնում է լինելու կանաչապատ տարածքաների ավելացման հարցը: Այդ նպատակով 20 կմ նոր ոռոգման ցանց է կառուցվելու Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում: Սկսվելու է «Եռաբլուր» պանթեոնի և «Փարոսի» նախկին անտառածած տարածքի վերականգնման ծրագիրը:
Կամո Արեյանին խնդրեցինք անդրադառնալ քաղաքացիների դժգոհությունն առաջացրած մեկ խնդրի, որն առաջացել է միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելուց հետո: Երեկոյան ժամերին ավտոբուսները գրեթե չեն աշխատում, լավագույն դեպքում դրանցից կարելի է օգտվել մինչև 21-ը:
Փոխքաղաքապետը նշեց, որ խնդիրը համատարած բնույթ չի կրում եւ խնդրել ներկայացնել այն ավտոբուսների համարները, որոնց նկատմամբ կան դիտողություններ։