ԿարևորՏնտեսական

Առաջիկա 3- 4 տարիներին կրկնապատկել արդյունաբերության բաժինը ՀՆԱ- ում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն, որին հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել է կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունը:
Ըստ այդմ` պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում նախատեսվում է երկրի տնտեսական արագ զարգացում, հզոր արդյունաբերություն, Հայաստանում արտադրության եւ արտահաննման ծավալների ընդալյնում:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր նշեց, որ Հայաստանն այսօր արտահանման մի շարք խնդիրեր ունի և ժամանակն է, որ կառավարությունը արտահանման խթանմանն ուղղված իր  քաղաքականությունը նյութականացնի և դրան տա բովանդակություն:
Այս առումով պետք է նախ ուսումնասիրել ներմուծվող ապրանքները, ապա դրանց կեսը փոխարինել տեղական ապրանքներով և այդպիսով հասնել նրան, որ արտահանման և ներմուծման մեջ հավասարակշռություն լինի, ասաց Վազգեն Սաֆարյանը:
Անդրադառնալով պետության ու մասնավորի համագործակցությանը, որը նույնպես նորություն է վերջին 20 տարիների տնտեսական քաղաքականության մեջ` ընդգծեց, որ օրինակ «Արմավիայի» գործառույթը կանոնակարգելու համար ևս անհրաժեշտ է պետություն-մասնավորի գործիքակազմը կիրառել:
Տնտեսական քաղաքականության բաղադրիչ է նաև արդյունաբերությունը, որը ևս պետք է զարգանա: Իսկ դրա համար նախևառաջ պետք է իջեցվեն բանկային տոկոսադրույքները և սահմանային շրջաններում  ստեղծվեն տնտեսական ազատ գոտիներ,  ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է արդյունաբերության դինամիկային, ապա հունվար-փետրվար ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս։ Սա, իհարկե, ուրախացնում է, բայց միևնույն է շատ քիչ է, քանի որ չմոռանանք, որ մենք եղել ենք արդյունաբերական հզոր երկիր և ավելի քան 67 տոկոս արդյունաբերության մասնակցություն տնտեսության մեջ, հիշեցրեց Վազգեն Սաֆարյանը։ Նա նկատեց, որ նպատակ ունեն առաջիկա 3-4 տարիներին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացնել  առնվազն 2 անգամ՝ հասցնելով 40-45 տոկոսի:

 

Back to top button