ԿարևորՀասարակություն

Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր դատարում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, հաղորդում է «Փաստինֆոն»։

Սոցիալական ապահովության ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մեջ մեղադրվող  կրթությամբ իրավաբան ամբաստանյալը պնդեց, որ իրեն հասկանալի չէ, մասնավորապես, առաջադրված պաշտոնեական կեղծիքի մեղադրանքի էությունը:

Մեղադրող Հովհաննես Ենոքյանը պարզաբանեց, որ ըստ մեղադրանքի, Խաչիկյանի կողմից կազմակերպված կայուն խմբով կատարվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ամբաստանյալներից յուրաքանրյուրի դերի ու շահույթի բաշխմամբ: Խումբը, ըստ մեղադրողի, կատարել է միասնական նպատակին ուղղված գործողություններ՝ զուգորդված կենսաթոշակների վճարային ցուցակներում կատարված պաշտոնեական կեղծիքով:

Այս պարզաբանումը ևս չբավարարեց Վ. Խաչիկյանին: Նա հայտարարեց, որ թեև իրեն հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքի էությունը, ինքը հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում իր գնահատականները կտա դրանց և կապացուցի իր անմեղությունը, թեև պարտավոր չէ դա անել՝ մեղադրանքի կողմն է պարտավոր ապացուցել, որ ինքը մեղավոր է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեղադրանքի կողմի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալի հայտարարության վրա և առաջարկեց դատաքննության հետագա փուլերում ավելի մատչելի ներկայացնել, մասնավորապես, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button