Հասարակություն

Որոշ երկրներ գրաքննությունը ինտերնետում համարում են բնական. այսօր ինտերնետի պաշտպանության օրն է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր նշվում է ինտերնետի և համակարգիչների պաշտպանության համաշխարհային օրը։ Հայաստանյան ինտերնետ միջակայքում առկա նորությունների և  մարտահրավերների մասին իր դիտարկումներն է հայտնել «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։
Նա նշել է, որ 2011 թվականին Հայաստանն օգտատերերի աճի տեմպերով առաջինն էր աշխարհում: Հիմա հավասարակշիռ իրավիճակ է: Հեռահաղորդակցությունը Հայաստանում միակ ոլորտն է, որ ենթարկվում է տնտեսական օրենքների, ասել է Գրիգորի Սաղյանը` հավելելով, որ կա մրցակցություն օպերատորների միջև։
Նա նշեց, որ եթե հեռահաղորդակցման օպերատորներն իրավունք չունեն լսելու բաժանորդի խոսակցությունը առանց օրենքով սահմանվան կարգի, ապա ինտերնետի դեպքում խնդիրն առկա է։

«Շատերը կարծում են, որ իրավունք ունեն գրաքննել բովանդակությունն առանց դատական որոշումների: Այդ երկրներից առաջատարներն են Ռուսաստանը, Չինաստանը, մեր հարևան Իրանը»,- ասում է Սաղյանը՝ բացատրելով, որ Ռուսաստանում կայքերի արգելափակումները որոշ չափով մեր վրա եւս ազդում են։

Այս առումով ուշագրավ են այն խոսակցությունները, որ «Ռոստելեկոմն» արգելափակում է Հայաստանում այն կայքերը, որոնք արգելված են Ռուսաստանում։ Միաժամանակ ռուսական օպերատորը հայտարարում է, որ որեւէ կայք չի արգելափակում։

Սաղյանը նշեց, որ Ռուսաստանում գտնվող կայքերի արգելափակումը օրինաչափ է, քանի որ այն ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել, սակայն այլ է գործը, երբ արգելված կայքը Ռուսաստանի տարածքից դուրս է։

Ըստ նրա՝ այս դեպքում տեխնիկական կարգավորման խնդիր կա ու լոկ հայտարարությունը, թե չի արգելափակվում, բավարար չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button