Քաղաքական

ԲՀԿ- ն ուզում է Երևանն ավելի բարեհամբույր ու բարեկարգ դարձնել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվել է հավուր պատշաճի: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին. պաշտոնապես կներկայացվեն կուսակցության ծրագրերն ու հիմնական ուղղությունները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ընդգծելով, որ իրենք գնում են աշխատելու, փոփոխություններ իրականացնելու և Երևանն ավելի բարեհամբույր ու բարեկարգ դարձնելու: 

Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ ներկայացուցիչների ֆեյսբուքյան հակամարտության մասին՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ չգիտի թե դեռ որքան են շարունակվելու ՀՀԿ-ական ներկայացուցիչների գործողությունները, բայց հավաստիացրեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները խոսել են միայն թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ընտրություններից հետո քաղաքական այլ ուժերի հետ միավորվել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ պատրաստ են միավորվել, միայն եթե չլինեն գաղափարական կամ բարոյական հակասություններ։
Ինչ վերաբում է ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի հնարավորություններին` Տիգրան Ուրիխանյանը կուսակցության հաղթանակի շանսերը գնահատում է շատ բարձր: ԲՀԿ-ն կուսակցություն է լուրջ մարդկային ներուժով, քաղաքական կենսագրությամբ ու առաջնորդով, ասաց նա` միևնույն ժամանակ նկատելով, որ բոլոր մյուս մասնակիցները ևս արժանի մրցակից են և իրենց կողմից էլ հարգանք են վայելում: 

Ցուցադրել ավելի
Back to top button