Ադրբեջանական հետքը սիրիական հակամարտության մեջ


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սիրիայում ադրբեջանցի գրոհայինների մասնակցության մասին առաջին անգամ խոսվեց մոտ մեկ տարի առաջ, իսկ օրերս, հղում կատարելով թուրքական ԶԼՄ- ներին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածեցին տեղեկատվություն այստեղ շուրջ 30 ադրբեջանցի գրոհայինների զոհվելու մասին:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Սիրիայում ադրբեջանցի գրոհայինների ներկայության փաստը մեկնաբանում է նախ Ադրբեջանի ներքին կյանքում գոյություն ունեցող խորը ճգնաժամով: Չի բացառում նաև, որ սա ադրբեջանական պետության կողմից ծրագրված և ուղղորդվող գործողություն է։
Բազմիցս նշվել է, որ սիրիական վարչակարգի դեմ պայքարում են գրոհայիններ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Պաշտոնական Դամասկոսը նման բովանդակությամբ մի քանի ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱԽ-ին: Սիրիայում ադրբեջանցի գրոհայինների մասնակցության մասին առաջին անգամ խոսվեց մոտ մեկ տարի առաջ:
«Եթե այն ժամանակ նման դեքերը բացառիկ էին, ապա այժմ այդօրինակ փաստերն առաջիկայում ավելի հաճախ դուրս կգան ջրի երես»,-համոզված է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Սիրիական հակամարտության մեջ ադրբեջանցիների ներգրավվածության մասին խոսելիս չի կարելի անտեսել Թուրքիայի գործոնը, քանի որ ադրբեջանցի գրոհայինների մեծ մասը Սիրիայի սահմանը հատում է հենց Թուրքիայի տարածքից:
Թուրքիան սիրիական ճգնաժամի սկզբից քայքայիչ գործունեություն է իրականացրել իր հարավային հարևանի նկատմամբ` հնարավոր բոլոր միջոցներով դա ներկայացնելով որպես մարդասիրական վերաբերմունք սիրիացի ժողովրդի նկատմամբ ու աջակցություն վերջինի ժողովրդավարական ձգտումներին:
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվին, ապա, ըստ արաբագետի, թերևս միայն աշխարհագրական դիրքն է պատճառը, որ վերջինն առավել գործուն ներգրավվածություն չի ցուցաբերոմ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Աակայն մարտի 28-ին Վրաստանում կայացած եռակողմ հանդիպումից հետո, արաբագետը չի բացառում, որ Բաքվի ակտիվության մակարդակը կարող է բարձրանալ։
Ինչպես վերը նշվեց, սիրիական հակամարտությունն օրեցօր խորանում է, լուրջ բախումներ են տեղի ունենում մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական շրջաններում: Հալեպում ռազմական գործողությունները մոտենում են նաև հայկական թաղամասերի սահմանին: Սիրիայի հայկական համայնքի ճակատագիրը ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում։