Քաղաքական

Քաղաքական դաշտի նորեկն ու հնաբնակը ավագանու ընտրություններում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/030413avagani.mp3

Ապրիլի 7-ին կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կդառնա ևս մեկ ստուգատես մեր երկրի քաղաքական ուժերի համար։ Մայրաքաղաքի ավագանու մանդատների համար մեկնարկող ընտրապայքարի  մասնակիցներից առանձնանում է հայաստանյան քաղաքական դաշտի նորեկ հանդիսացող «Առաքելություն» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացել է 2 ամիս առաջ:
Ժողովրդավարական-ազատական գաղափարախոսություն դավանող այս քաղաքական ուժը գալիք ընտրություններին ներկայանում է 29 հոգուց բաղկացած ցուցակով, որոցից ամենաավագը 63 տարեկան է, կրտսերը` 21:
Արդեն պատրաստ է կուսակցության ծրագիրը և կարգախոսները`
«Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան. մեր առաջին առաքելություն»,- այսօր լրագրողներին հայտնեց ցուցակը գլխավորող «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը: 

Նորաստեղծ քաղաքական ուժի ներուժը թույլ է տալիս հայտ ներկայացնել մայրաքաղաքի ընտրություններին, որոնց մասնակցում են ևս 5 կուսակցություն և մեկ դաշինք, նշեց ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող,  «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի մեկ այլ անդամ՝ Մանուկ Սուքիասյանը։

Ըստ նրա՝ համեստ քաղաքական ուժի ի հայտ գալը խանդ ու դժկամություն է առաջացրել խոշոր և փորձառու կուսակցությունների շրջանում` սեփական ընտրազանգվածը պահպանելու մտահոգությամբ:

Ի տարբերություն «Առաքելության»՝ իշխող Հանրապետական կուսակցությունը` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, համարվում է գալիք ընտրությունների հիմնական ֆավորիտը:

Ազգային պահպանողական գաղափարախոսություն դավանող այս քաղաքական ուժը մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին ներկայանում է 195 հոգուց բաղկացած ցուցակով, որոցից ամենաավագը 81 տարեկան է, կրտսերը` 25:
Ինչպես փաստեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, իր կուսակից ընկերները ևս լրջորեն պատրաստվում են մեկնարկող ընտրարշավին:

«Ավելի լավ Երևան» կարգախոսով ամրագրված նպատակին հասնելու համար բավականին ջանքեր ներդնելու կարիք կա՝ հաշվի առնելով նախագահական ընտրություններից հետո ակտիվացած զգալի ընդդիմադիր ընտրազանգվածի առկայությունը: Այս հանգամանքը չի հերքում և հանրապետական պատգամավորը:

Տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ գալիք ընտրություններում ՀՀԿ-ն  դեռևս չունի գլխավոր մրցակից, քանի որ մասնակից քաղաքական ուժերի միջև սպասվում է մրցակցային պայքար։

Ցուցադրել ավելի
Back to top button