Տնտեսական

Սկսվել են մթերման նախապատրաստական աշխատանքները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Գարնանային աշխատանքները դեռ նոր են սկսվում, սակայն գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ արդեն սկսվել են բերքի մթերման նախապատրաստական աշխատանքները: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր տեղեկացրեց, որ իրենց մոնիթորինգի արդյունքներն արդեն ուղարկվել են մարզպետարաններ, որպեսզի գյուղացիները մարզպետարանների եւ մարզային աջակցության կենտրոնների միջոցով տեղեկանան, թե որ գործարանը որքան պտուղ-բանջարեղեն է պատրաստ մթերել այս տարի։

Ռոբերտ Մակարյանը հայտարարեց, որ ապրիլի 3-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման քառակի աճ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա խոստացավ, որ մթերման ժամանակ անպայման հաշվի են առնվելու նախորդ տարվա բացերը:
Միաժամանակ՝ Մակարյանը կոչ արեց գյուղացիներին` չհապաղել վերամշակող կազմակերպությունների հետ գյուղմթերքի մթերման պայմանագրերը կնքելիս, որպեսզի հետո դժվարությունների առաջ չկանգնեն` չիմանալով որ գործարանին հանձնել իրենց արտադրած մթերքը:
Նա վստահեցրեց, որ բոլոր գործարանները պատրաստ են պայմանագիր կնքել, իսկ եթե լինեն գործարաններ, որոնք կհրաժարվեն պայմանագրից, գյուղնախարարությունը խոստանում է միջամտել։
Դեռ երեկ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բեր բերյանը փոխանցել էր իր մտահոգությունները, որ շուրջ 50 տոկոսով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները, 30 տոկոսով` բադրիջանի, պղպեղի: Նրա դիտարկմամբ` կրճատվել են հատկապես լոլիկի ցանքատարածությունները, ինչը, ըստ Բերբերյանի, մեծապես կազդի նաև լոլիկի վերամշակման ճյուղի վրա:

Գյուղատնտեսության փոխնախարարն այսօր պնդեց, որ, ընդհակառակը, այս տարի բերքի կանխատեսվող ծավալների վերաբերյալ մոնիտորինգը ցույց է տվել, թե մթերման ծավալները անցած տարվա համեմատ կավելանան շուրջ 27 հազար տոննայով։
Մայիսից Երեւանում կվերաբացվեն գյուղմթերքի 3 տոնավաճառները: Անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելացվի, որպեսզի բերքը իրացնելու գյուղացու հոգսը փոքր-ինչ թեթեւանա: Ինչ վերաբերում է անցյալ տարվա կարտոֆիլի բերքի դեռ չսպառված ծավալներին, ապա, ըստ փոխնախարարի, գյուղացիները մտավախություններ չպետք է ունենան նաեւ կարտոֆիլի մթերման հարցում:
Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում «Սպայկա» ընկերությունն արդեն սկսել է կարտոֆիլի մթերման աշխատանքները: «Մի քանի օրից կարտոֆիլի մթերման աշխատանքներ կսկսվեն նաեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մթերել շուրջ 2500 տոննա կարտոֆիլ:

Ցուցադրել ավելի
Back to top button