Հասարակություն

Մարդու իրավունքների իրական առաջընթաց իրավապաշտպանները չեն արձանագրել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր չորս տարին մեկ ՄԱԿ-ի անդամ պետությունները Մարդու իրավունքների խորհուրդ են ներկայացնում հաշվետվություն երկրում իրավունքների պաշտւպանության վիճակի ու ձեռնարկվող քայլերի մասին: Պարբերական վերանայման շրջանակներում Հայաստանն առաջին զեկույցը ներկայացրել է 2011-ին: Մինչ հաջորդ՝ 2015-ին ներկայացվելիք զեկույցը, մեր երկիրը նաև միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել, որն ընդգրկում է 2010-ի մայիսից մինչև 2012-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը:

Նույն ընթացքի վերաբերյալ այլընտրանքային զեկույց է հրապարակել նաեւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ փորձելով գնահատել ստացած հանձնարարականների ու ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Հայաստանի  իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկել են օրենսդրության լրամշակման ուղղությամբ, մշակել են բարեփոխումների ծրագիր դատաիրավական ոլորտի համար, բայց  գործնականում ստանձնած պարտավորությունների կատարման առումով իրական առաջընթաց չեն  արձանագրել, ասված է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից պատրաստված այլընտրանքային զեկույցում։
Փաստաթղթի  հիմնական թիրախը, հեղինակներից Տաթևիկ Ղարիբյանի խոսքով,  դատաիրավական համակարգն է:

«Զեկույցն անդրադառնում է արդար դատավարության իրավունքին, քրեակատարողական համակարգին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելմանը, նաև ՝անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացմանը»,- ասում է նա։
Ըստ զեկույցի ՝ դատական համակարգում նկատելի փոփոխություններ հօգուտ դատարանների անկախության այս ընթացքում չեն արձանագրվել:  Դատարանները շարունակում են  կողմնակալություն դրսևորել հօգուտ մեղադրողի՝ խախտելով կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը:
Ոստիկանությունում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման պրակտիկան չի նվազել:  Ի դեպ՝ ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգում հասկացության սահմանումը դեռևս  համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի համանուն  կոնվենցիային: Իսկ այստեղ լուրջ խնդիր կա, ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ղեկավար Արման Դանիելյանը՝ ընդգծելով, որ խոշտանգում ասելով միջազգային իրավունքը նկատի ունի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործությունը ցուցմունք կորզելու կամ ճնշելու  նպատակով: Մեր օրենսդրությունը խոշտանգում ասելով այլ բան է հասկանում:
«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը ավելի շատ հորիզոնական հարաբերություններին է վերաբերում՝ նկատի ունենալով, որ քաղաքացին քաղաքացուն կարող է խոշտանգել: Այն մի քանի դեպքերը, որոնց դատապարտմանը մենք հասել ենք, հենց այդ դեպքերին են վերաբերում՝ սկեսուրը հարսին կամ դրա նման մեկ այլ բան, ինչը իրականում խոշտանգում չէ»:

Ի դեպ՝ Համընդհանուր պարբերական վերանայման շրջանակներում ՄԱԿ-ի  Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված վերջին զեկույցից հետո Հայաստանը 166 առաջարկություն է ստացել: Զեկույցի հեղինակներից Աննա Մելիքյանը կատարված-չկատարվածի  վիճակագրությունը վերլուծելով, նշում  է, որ Հայաստանը համաձայնել է կատարել բոլոր առաջարկները՝ բացի 4-ից:

«Այդ 166 առաջարկներից ՀՀ կառավարության կողմից կատարվել է 43-ը, 42-ն ընդհանրապես  չի կատարվել, 78-ը մասնակի  է կատարվել»:
Որո՞նք են ստանձնած, բայց առայժմ չկատարված պարտավորությունները։
«Հիմնականը խոշտանգում եզրույթի անհամապատասխանությունն է : Մյուս չկատարված պարտավորությունը վերաբերում է ազատազրկման վայրերին, նաև ոստիկանության բաժանմունքներին: Եղել է պահանջ դրանք հնարավորինս բաց ու հասանելի դարձնելու վերաբերյալ, բայց չի կատարվել: Դատական իշխանությանը վերաբերող հարցերում խորհուդը կարծում է, որ Հայաստանը որոշակի գործընթաց սկսել է, բայց չի ավարտել»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button